Վարորդը որևէ փոփոխություն չի զգալու
_1372165777.jpg)
Այսօր լրագրողների հետ ահնդիպման ժամանակ ՃՈ պետի տեղակալ, ՃՈ պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը և ՃՈ իրավաբանական վարչության պետ Արման Չիլինգարյանը փորձեցին բացատրել, թե ինչ են իրենցից ենթադրում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնք ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ էին դարձել:
Չիլինգարյանը բերեց հետևյալ օրինակը`
”Դուք երթևեկում եք 71 կմ/ ժամ արագությամբ և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի նախկին տարբերակով գերազանցում եք արագությունը 11 կմ/ ժամով, այս դեպքում ստանում եք որոշում, որ գերազանցել եք սահմանված արագությունը 11 կմ /ժամով և տուգանվում 10 հազար դրամով”: Օրենքի ընդունումից հետո կլինի հետևյալը. ” Դուք երթևեկում եք 71 կմ/ ժամ արագությամբ, բայց ստանում եք փաստաթուղթ, որ 71 կմ/ ժամից հանվում է այդ արագաչափ սարքի հնարավոր սխալանքի աստիճանի համար նախատեսված 10 կմ/ ժամը, և գերազանցում եք արագությունը 1 կմ/ ժամով, կրկին տուգանվում եք նույն 10 հազար դրամի չափով”:
Խաչատրյանի խոսքով` այս փոփոխությունների կարիքը կար, քանի որ շատերը ՃՈ-ը մեղադրում էին, որ նա հաշվի չի առնում արագաչափ սարքերի հնարավոր սխալանքի չափի աստիճանը: Նրանք հավելեցին, որ փոփոխությունը հիմնականում ձևակերպումների մեջ է: ”Վարորդը որևէ փոփոխություն չի զգալու”,-եզրափակեց Խաչատրյանը: