Մեկնարկել է Վեդու ջրամբարի շինարարությունը
Մեկնարկել է Վեդու ջրամբարի շինարարությունը: Ջրամբարի շինաշխատանքների մեկնարկն ազդարարող միջոցառման ընթացքում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառուցվող առաջին ջրամբարն է:
Նախարարությունից հայտնում են, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն այսօր ու կտեւեն 48 ամիս: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 29 մլն խմ է, դրա իշխման տակ կլինի 3200 հա ոռոգելի հողատարածք:
Ոռոգման ցանցի վերակառուցման եւ ցանցի արդիականացման արդյունքում կկրճատվեն ոռոգման ջրի կորուստները, ինչպես նաեւ՝ շահագործման ու պահպանման ծախսերը: Համակարգի կորուստները ներկայումս գնահատվում են 40-50 % սահմանում: Ծրագրի իրականացման արդյունքում ցանցի կորուստները կկրճատվեն մինչեւ 15-20 %:
Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18մլն/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³ , որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող եւս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը: Այդպիսով, ծրագրի ազդեցությունը կտարածվի շուրջ 6000 հա հողատարածքների վրա:
Նշենք, որ Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 90 մլն Եվրո ընդհանուր արժողությամբ: