Երկիր “շինելու” փոխարեն, իրար գովելով ման են գալիս

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը խոսեց Հայաստանում ներքաղաքական զարգացումներից: Թովմասյանը երկրի համար ճակատագրական իրողություններից առանձնացրեց արտագաղթը` մատնանշելով, որ դեռևս 1945 թվականին Ստալինը հրահանգեց ներգաղթ կազմակերպել` “պայմաններ էին ստեղծվում վերադարձողների համար”:
Երկրորդ հարցը, որ անհանգհստացնում է կոմկուսի առաջնորդին աղքատությունն է. “Մյուսը գործազրկությունն ու այս պայմաններում ուսանողական վարձերի բարձրացումն է, այս պրոբլեմները պետք է կենտրոնացնել ժողովրդի անվտանգության հարցերի շուրջ”:
Միջազգային անցուդարձից ընկեր Թովմասյանն ասաց, որ Թուրքիան որ միշտ գիլյոտինի նշանակություն է ունեցել իր ժողովրդի համար, այսօր չի կարողանում սանձել գլուխ բարձրացած շարժումը, իսկ սա նշանակում է, որ փոփոխությունները ողջ աշխարհում են :“Հայաստանում իրար գովելով ման են գալիս երկրի հարցերը լուծելու փոխարեն”:
Մի քիչ էլ իրենց մասին. ”Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միշտ եղել է հավասարակշիռ կուսակցություն և հետաքրքիրը այն է, որ մենք կարողացանք ճիշտ գնահատական տալ Հայաստանում անցկացված վերջին երեք ընտրությունների, և ասել ենք, որ դրանք արդար ընտրություններ չեն”,-հավելեց կոմկուսի առաջնորդը:
Ռուբեն Թովմասյանը հորդորում է չուրանալ 70 տարի կոմունիստների կառուցածն ու արածը. “Հայաստանում ինչքան եղեռնի հուշահամալիր կա մենք ենք սարքել, հետո էլ ասում են մենք ազգայնական չենք եղել”: