Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ վարչապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Իր գոհունակությունը հայտնելով Երևան-Ստեփանակերտ և Երևանի վարչական շրջաններ -ԼՂՀ շրջաններ համագործակցության արդյունքներից՝ ԼՂՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արցախի հետ համագործակցության ծրագիրը նախաձեռնելու և այն հետևողականորեն զարգացնելու համար:
«Պարոն Մարգարյան, մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն հետևողականության ու ջանքերի համար, որ ցուցաբերել և ցուցաբերում եք Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Հավատացած եղեք, որ արցախցիները շատ խորը հարգանք են տածում Ձեր և Ձեր թիմի նկատմամբ»,- ընդգծել է ԼՂՀ վարչապետը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին նկատել է, որ հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ու շրջանների բարեկամական սերտ հարաբերություններն իրենց գործնական արտացոլումն են գտել Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցության ծրագրում, որի ընթացքն իսկապես գոհացուցիչ է և, որ կարևոր է, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում այն հետզհետե ավելի շոշափելի արդյունքներ է ապահովում:
«Երկու մայրաքաղաքների պաշտոնական համագործակցության շուրջ հինգ տարիների ընթացքում իսկապես գոհացուցիչ զարգացումներ ենք արձանագրել, ինչը, վստահաբար, անչափ կարևոր է: Սա դեռ սկիզբն է և այն ամուր հիմք է առաջիկա տարիներին Արցախում էլ ավելի շոշափելի ծրագրեր իրականացնելու համար: Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ են, սակայն մենք դրանով չենք բավարարվելու և անելու ենք հնարավորը՝ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` վստահեցնելով, որ համագործակցության բոլոր ուղղություններով նախանշված ծրագրերը լինելու են շարունակական:
Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ կառավարության միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է «Երևանի զինանշան» հուշամեդալով:
Երևան-Ստեփանակերտ համագործակցության ծրագրերին ակտիվ մասնակցության համար մի շարք անձինք էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
Հանդիպման շրջանակում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտ-Երևան համագործակցության ամրապնդմանն ու աջակցմանն ունեցած վաստակի և ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք աշխատակիցների պարգևատրել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: