Առաջին դատական նիստը տեղի ունեցավ
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի ՏԻՄ ընտրությունների ժամանակ վանաձորցի Մարիամ Ավագյանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական գործունեությանը՝ վերջինիս ձեռքից խլելով «Սամսունգ» տեսակի «SM-J700H/DS» մոդելի բջջային հեռախոսը, դիտավորությամբ հարվածել է գետնին և վնասել այն: Բանն այն է, որ Վանաձոր քաղաքի թիվ 30/47 տեղամասում նկատելով իր գործողությունները բջջային հեռախոսով տեսաձայնագրող լրագրողին՝ Մարիամ Ավագյանը ցանկացել էր լրագրողի հեռախոսից ջնջել տեսաձայնագրությունները, ինչի համար էլ դիմել էր այդ քայլին: Արդյունքում՝ Շողիկ Գալստյանին դիտավորությամբ պատճառվել է 60.000 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ Մ. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեկան օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:
Ամբաստանյալը ֆինանսական միջոցների պատճառով դատական նիստին առանց պաշտպանի էր ներկայացել:
«Քանի որ ամբաստանյալը ցանկանում է պաշտպան ունենալ, կարծում եմ, որ մենք պետք է հաշվի առնենք նրա ընտանեկան վիճակը, որ ունի երկու անչափահաս երեխա, չի աշխատում՝ ըստ հայտարության, այրի է, և դիմենք հանրային պաշտպանի գրասենյակ՝ նրան հանրային պաշտպանով ապահովելու համար»,- ներկաներին դիմեց դատավորը՝ նիստը համարելով ավարտված:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 3-ին:
Գոհար Մովսիսյան