Շրջայց մսի իրացման կետերով
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էր հանդիպում Գյումրիի մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցող Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը խոսել է ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին՝ նշելով, որ դրանց կարգավորումը ոչ միայն օրենսդրության պահանջ է, այլև բխում է հենց իրենց՝ տնտեսավարողների, շահերից: Ծառայությունը կենդանական ծագման մթերքի շուկայում սկսել է լայնամասշտաբ միջոցառումներ, որոնցից անմասն չի կարող մնալ նաև Գյումրին,- ասել է տեսչության պետը:
Նա զգուշացրել է չընդունել և չիրացնել առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված մսեղիքը, ևս մեկ անգամ ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող՝ գործող անասնաբուժասանիտարական հիգիենիկ և անվտանգության պահանջները՝ հորդորելով համապատասխան աշխատանքներ տանել անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ: Բանախոսը վստահեցրել է, որ Ծառայության մասնագետները ոչ միայն այսօր, այլև ցանկացած պահի պատրաստ են տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն:
ՍԱՊԾ ներկայացուցիչը տնտեսավարողներին տեղեկացրել է, որ Ծառայությունը քայլեր է ձեռնարկում կենդանիների մորթի համար բացառապես սպանդանոցային պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը բխում է նաև ՀՀ կառավարության ծրագրից: Վերահսկող կառույցից հորդորել են անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչներին փորձաքննությունն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության հաստատած կարգի համապատասխան, շեղումների դեպքում անմիջապես տեղեկացնել Ծառայությանը և չփորձաքննել անհայտ ծագման միսն ու մսամթերքը: Քննարկման ընթացքում տնտեսավարողների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տվել են սպառիչ պատասխաններ:
Հանդիպումից հետո շրջայց է կատարվել քաղաքի մսի իրացման կետերով՝ առկա իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող անձինք պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր արտահագուստ: Յուրաքանչյուր աշխատակցի պարբերական բուժզննությունը և համապատասխան սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է,- իրացման կետերի աշխատակիցներին ասել է Անասնաբուժության տեսչության պետը:
Բանախոսը նաև Շիրակի մարզային տարածքային կենտրոնի տեսուչներին է փոխանցել Ծառայության պետ Իշխան Կարապետյանի համապատասխան ցուցումներն ու հանաձնարարականները՝ իրենց ամենօրյա աշխատանքը հետևողականորեն, պատշաճ մակարդակով և որակով իրականացնելու վերաբերյալ: