Ուսուցիչն Ազգային արժեք է. Խաչիկ Ասրյան
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանը շնորհավորել է ուսւոցիչներին տոնի առթիվ: “Լավ է կույր աչոք, քան կույր մտոք:
5-րդ դարի պատմիչ Եղիշեի այս արտահայտությունը, կարծես, ուղենիշ է հայ ժողովրդի համար: Հայն ի սկզբանե սիրել է դպրությունը եւ ունեցել է շատ երախտավորներ, որոնք իրենց ողջ կյանքն են նվիրել մեր ժողովրդի կրթության զարգացմանն ու առաջընթացին:
Մեսրոպ Մաշտոցը` մեր առաջին ուսուցիչը, ստեղծելով հայոց այբուբենը` լուսավորեց ու փառավորեց հայ ժողովրդի հետագա ուղին: Նա ուսուցանում էր եւ հորդորում իր աշակերտներին շրջել Հայաստանի ողջ տարածքով եւ ամենուր լույս սփռել` գրաճանաչ դարձնել, կրթել ու դաստիարակել մեծերին ու մանուկներին:
Ոսկեդարից մինչ այսօր հայը հավատարիմ է Մեծ Ուսուցչի պատգամին: Հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ համակրանք է տածել ուսմանը, գիտելիքին: Յուրաքանչյուր հայ ոչինչ չի խնայել, չի ափսոսացել իր զավակին կրթության տալու համար:
Անգնահատելի է ուսուցչի դերը, անփոխարինելի է նրա առաքելությունը կրթության ոլորտում: Մեր սիրելի ու պաշտելի ուսուցիչների շնորհիվ ենք մենք ներխուժում գիտության հարուստ գանձարան եւ փնտրում ու գտնում այնտեղ գիտելիքների մի ողջ պաշար, առանց որի մարդը ոչինչ է: Ուսուցիչը գիտելիքի անսպառ աղբյուր է, հույսի ու լույսի ծով: Ուսուցիչն ազգային արժեք է:
Եթե հայ զինվորը զենքով է պաշտպանել եւ պաշտպանում իր հայրենիքը, հայ ուսուցիչն էլ իր գրչով ու գրքով է մարտնչել եւ մարտնչում հանուն հայրենիքի: Բազմիցս հայը հաղթել է իր մտքի սլացքի, իր հարուստ գիտելիքի շնորհիվ: Այդ ամենի համար մենք շատ երախտապարտ ենք մեր սիրելի ուսուցիչներին: Հայրենասիրության առաջին քարոզիչները նույնպես նրանք են, նրանք են աշակերտների մեջ արթնացնում սերը դեպի հայրենիքը, ծնողը, ընտանիքը:
Պատվարժա՛ն ուսուցիչներ, ուսուցչի օրվա առթիվ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Ես խոնարհվում եմ ձեր առջեւ, ձեր մեծության առջեւ, ձեր ծով համբերության ու նվիրվածության առջեւ: Թող երկնային բոլոր գանձերը սփռվեն ձեզ վրա, իսկ երկրային գանձերը ձեր առջեւ պարտավոր ենք փռել մենք` ձեր աշակերտները: Ձեզ ամուր առողջություն, երկաթե կամք ձեր սուրբ գործում, անսպառ ուրախություն եւ երջանկություն: Թո՛ղ բոլորը ձեզ արժանին մատուցեն եւ ձեզ հղեն միայն երախտագիտական եւ շնորհակալական խոսքեր: Դուք արժանի եք միայն մեծարման եւ խոնարհումի:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻ՛Չ”,-ասված է ուղերձում: