Հանդիպեցին Տարոնն ու Ջոնը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Կարեւորելով տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ քաղաքապետը ողջունել է Երեւանում կազմակերպվող քաղաքային նշանակության միջոցառումներին դեսպանության եւ անձամբ դեսպանի ակտիվ մասնակցությունը, նաեւ պատրաստակամություն հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցելու նախաձեռնություններին:
“Երեւան քաղաքի, ինչպես նաեւ վարչական շրջանների եւ ԱՄՆ գործընկեր քաղաքների միջեւ առկա են ջերմ հարաբերություններ: Վստահ եմ, որ առաջիկայում դրանք էլ ավելի կընդլայնվեն ու կամրապնդվեն, եւ կունենանք հաջողված համագործակցություն քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորել է Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանության եւ քաղաքապետարանի միջեւ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռվեն:
“ԱՄՆ կառավարության, դեսպանության եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ եւ մաղթում նոր ձեռքբերումներ Ձեր աշխատանքում”,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեսպանի խնդրանքով անդրադարձել է Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին, գործունեությանը, ինչպես նաեւ առաջիկա 4 տարիների ընթացքում մայրաքաղաքի զարգացման ծրագրերին եւ դրանց հեռանկարներին:
Քաղաքապետը ներկայացրել է նաեւ մայրաքաղաքում ներդրումային միջավայրի համար առկա բարենպաստ պայմաններն ու ընդգծել, որ քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Տարոն Մարգարյանը խոսել է նաեւ զբոսաշրջության զարգացման, մայրաքաղաքի բնապահպանական ծրագրերի, Կենդանաբանական այգու վերակառուցման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն