Անկախ որևէ մեկի ցանկությունից, նախապատվությունից… Ուրիխանյանի արձագանքը

” ”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, հերթական անգամ պարզաբանում եմ, ունի հստակ քաղաքական կուրս` անկախ որևէ մեկի ցանկությունից, նախապատվությունից, ենթադրությունից կամ երազանքից, այդ քաղաքական կուրսը իրականացնում է թե մեր պառլամենտական խմբակցությունը, թե խմբակցությունն ավագանու խորհրդում:
Որևէ հարաբերություն, էթիկայի դրսևորում, արարողակարգային միջոցառում, դրանում մասնակցություն և այլ հարցեր չեն կարող ազդել կամ փոփոխության ենթարկել մեր քաղաքական կուրսը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն` արձագանքելով ‘‘Բարև Երևան”-ի անդամներ Ստեփան Սաֆարյանի ու Դավիթ Սանասարյանի այն հայտարարություններին, որ լավ կլիներ, որ ԲՀԿ-ն, ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հիմա քննադատեր ՀՀԿ-ին:
Ավագանու անդամների խոսքով` իրենք ուրախ կլինեին, որ ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները իրենց հետ միասին պայքարեին ՀՀԿ-ի դեմ ու գործ կատարեին:
”Ավագանու խորհրդի հետ կապված` եթե կներկայացվի երևանցու շահից չբխող որևէ նախագիծ կամ որոշում, ԲՀԿ-ն հակադրվելու է դրան, հակադրելու է իր գործողությունները` այլընտրանքային իր մոտեցումներով, անելիքներով, բարձրացնելու է բոլոր խնդիրները, հանրության առջև դրանք ներկայացնելու և սեփական լուծումներն առաջ քաշելու, նույնը խորհրդարանական խմբակցության վերբերյալ”,-ավագանու անդամներին արձագանքեց ԲՀԿ խոսնակը: