28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Մահացել է ականավոր պատմաբանը

Հայ պատմագիտական միտքը ծանր կորուստ կրեց: 2013 թ-ի հունիսի 21-ին 74 տարին նոր բոլորած՝ անսպասելիորեն կյանքից հեռացավ ականավոր պատմաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ, Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Էդիկ Արտեմի Զոհրաբյանը:

Էդիկ Զոհրաբյանը ծնվել է 1939 թ-ի մայիսի 5-ին ՀՀ Կապանի շրջանի Բաղաբուրջ գյուղում` ծառայողի ընտանիքում: 1956 թ. ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի լեռնամետալուրգիական տեխնիկում, որն ավարտելուց հետո (1959 թ.) զորակոչվել է խորհրդային բանակ: Ավարտելով ծառայությունը՝ 1962 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում որպես ուսման գերազանցիկ ստացել է ակադեմիկոս Հ. Մանանդյանի անվան կրթաթոշակ: 1967 թ. գերազանցությամբ ավարտելով Պատմության ֆակուլտետը՝ ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա: 1968 թ. փոխադրվել է դասախոսական աշխատանքի՝ զբաղեցնելով սկզբում ասիստենտի, 1974 թ-ից դոցենտի, 1988 թ-ից պրոֆեսորի պաշտոն: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1973 թ-ին, դոկտորականը՝ 1987 թ-ին:

1993 թ. ընտրվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության նորաբաց ամբիոնի վարիչ, իսկ 1998 թ-ին ստանձնել Միջազգային հարաբերությունների՝ դարձյալ նորաբաց ֆակուլտետի դեկանի պաշտոնը եւ ղեկավարել այն մինչեւ 2008 թ-ը։ Նույն թվականի հունիսին նորից ընտրվել է Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ։

Պրոֆեսոր Է. Ա. Զոհրաբյանը հայ դիվանագիտության պատմության ճանաչված մասնագետ էր եւ ունի ակնառու հաջողություններ հայոց պատմության նորագույն շրջանի, հատկապես 1918-1922 թթ. ամենաբարդ ու խճճված հիմնահարցերի գիտական մշակման եւ լուսաբանության գործում, ինչին նվիրված են նրա  թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունները, ավելի քան 60 գիտական հոդվածները եւ բոլոր մենագրությունները։ Չգնալով տրորված ճանապարհով եւ սկզբից եւեթ ուշադրությունը բեւեռելով մեր պատմագիտության կողմից շրջանցված (խորհրդային ժամակաշրջանի բնորոշ զգուշավորության հետեւանքով) հիմնահարցերի վրա՝ նա ստեղծել է մնայուն եւ հիմնարար աշխատություններ։

1979 թ-ին լույս տեսած նրա «Սովետական Ռուսաստանը եւ հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ.» առաջին մեծածավալ աշխատությունը նվիրված է ոչ միայն խորհրդային, այլեւ նախորդ շրջանի հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանմանը։ Հայ-իրանական հարաբերությունների հետազոտմանն է նվիրված Է. Զոհրաբյանի «Սովետական Ռուսաստանը եւ հայ-իրանական հարաբերությունները 1920-1922 թթ.» երկրորդ մեծածավալ աշխատությունը (1985 թ.): Հայոց պատմության 1918-22 թվականների ժամանակահատվածի տարաբնույթ ու բազմաբարդ խնդիրների լուսաբանմանն են նվիրված նաեւ նրա «Եվրոպական երկրների հետ Սովետական Հայաստանի առեւտրատնտեսական առնչությունների պատմությունից (1920-1922 թթ)» (1987 թ.), «1920 թ. թուրք-հայկական պատերազմը եւ տերությունները» (1997 թ.), «Ազգամիջյան կռիվները Երեւանի նահանգում 1918 թ.» (2000 թ.),  «Նախիջեւանյան հիմնահարցը եւ Հայաստանի «դաշնակիցները»» (2002 թ.) ծավալուն մենագրությունները: Բոլորովին վերջերս լույս տեսած նրա «Шарур-Нахиджеван в 1918-19 гг. (История геноцида нахиджеванских армян)» մենագրությունը (2012 թ.), ցավոք, դարձավ ականավոր գիտնականի կարապի երգը:

Անուրանալի է Էդիկ Զոհրաբյանի ավանդը համալսարանական կրթության կազմակերպման ու զարգացման գործում: Հիմնադրելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ նա նաեւ հիմնադիրը եղավ հայ միջազգայնագիտական նոր դպրոցի: Էդիկ Զոհրաբյանի պատրաստած կադրերն այսօր հաջողությամբ են գործում ինչպես կրթության ու գիտության ոլորտում, այնպես էլ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության պրակտիկ ասպարեզում: Նա սիրված ու հարգված ընկեր, գործընկեր ու դասախոս էր:

Երեւանի պետական համալսարանի ռեկտորատը խորին ցավակցություններ է հայտնում Էդիկ Զոհրաբյանի ընտանիքին ու հարազատներին, գործընկերներին եւ առհասարակ հայ ողջ գիտական հանրությանը: Էդիկ Զոհրաբյանն ընդմիշտ կմնա իր բոլոր հարազատների, ընկերների, դասախոսների եւ ուսանողների սրտերում:

Ականավոր գիտնականի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 22-ին՝ ժամը՝ 18:00-ին, Ալեք Մանուկյան 8 հասցեում, հուղարկավորությունը՝  հունիսի 23-ին՝ ժամը՝ 14:00-ին, նույն հասցեից:

ԵՊՀ ռեկտորատ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ