Ծառուկյանը չի օգնում, անունն էլ խանգարում է /վիդեո/
1999-ին բացված Աբովյանի “Նարեկ” ծերանոցը այսօր օգնության կարիք ունի։ “Սաթենիկ” բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, “Նարեկ” ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը եւ ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը սակայն այսօր չդժգոհեցին:Լրագրողների հետ հանդիպման նպատակը մեկն էր` հանրությանը տեղեկացնել, որ նման ծերանոց կա: Այստեղ 36 տարեց մարդ է ապրում եւ այժմ հովանավոր են փնտրում:
“2003-ին Ծառուկյանի օգնությամբ ծերերին տեղափոխեցինք Աբովյանի հիվանդանոցի հին շենք, որը Ծառուկյանի շնորհիվ էլ վերանորոգվեց։ Այսօր արդեն որոշ դժվարություններ կան. թոշակները չեն բավարարում, սնունդը թանկ է, տանիքը կաթում է, կոյուղու խնդիր կա”,- ասաց տնօրենը: Ըստ Շողիկ Միքայելյանի, նաեւ 7 անկողնային հիվանդ կա: Բոլորին ինքն է խնամում:Նրանցից մեկը արդեն 14 տարի անկողնային հիվանդ է:
“Մեր խնդիրները լուծում ենք հիմնականում թոշակներից ու ֆինանսների մուտքավճարներից, ով գալիս է, 50 000 մուտքավճար է անում, դա կոմունալներին է գնում, բայց ձմռանն ավելի դժվար է։ Բացի այդ, քանի որ ծերերը մեզ մոտ են մնում նրանց նպաստ չեն տալիս, ասում են, որ կառավարությունը որոշում է ընդունել, որ ծերանոցների ծերերը նպաստ չստանան։ Հաշմանդամության կարգ ունեն, բայց չեն ստանում, եթե նպաստ տան, մեզ կբավականացնի”,- ասաց Ֆրիդոն Միքայելյանը:
Տիկին Միքայելյանի խոսքով Գագիկ Ծառուկյանը երկու տարի է չի օգնում: “Շատերը ասում են` Ծառուկյանը չլինի, ձեզ կօգնենք”,-ասաց տիկին Շողիկը: Բարերար Ծառուկյանին հանդիպել չի ստացվում, նամակներն էլ են անպատասխան մնում:
Փոխարենը հանդիպել են փեսային` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին: Նրա հետ հանդիպելուց հետո ինչ-որ մեկը եկավ, 50 հազար դրամ տվեց ու ասաց` ինչու են բողոքում:
Ինչ են ակնկալում ծերանոցի հիմնադիրները ԲՀԿ առաջնորդից` տեսանյութում: