Իգնատի Առաքելյանը խորհրդակցություն է հրավիրել
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն բնակլիմայական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների կանխարգելման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:
«Մեր երկրում գյուղատնտեսությունը ամեն տարի մեծ վնասներ է կրում կարկտահարության պատճառով, և այժմ օրախնդիր հարցերից է դրա դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների կիրառումը: Այդ նպատակով նախարարությունը մշակել է բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի նախագիծ, և այս հանդիպման ընթացքում մենք ցանկանում ենք լսել ձեր նկատառումները, համատեղ քննարկել ու լուծման ուղիներ գտնել առկա խնդիրների ուղղությամբ»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:
Ներկայացնելով հանրապետության հակակարկտային կայանների ցանցի տեխնիկական իրավիճակը, արդյունավետությունը, կառավարման և սպասարկման ընթացքում ծագող խնդիրները` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներն ընդգծել են, որ պայքարի մեկ եղանակի ընտրությունը, մասնավորապես հանրապետության ամբողջ տարածքը հակակարտային կայանների ցանցով ծածկելը նպատակահարմար չէ և չի կարող բավարար արդյունավետություն ապահովել` առաջարկելով ըստ գոտիականության տեղադրել նաև հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել:
Խորհրդակցության ընթացքում կարևորվել են մի շարք հարցեր, այդ թվում` դոտացիոն ֆոնդի հաշվին հակակարտային կայանների կենտրոնացված սպասարկման անհրաժեշտությունը, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող կայանների տեղադրումը լիազոր մարմնի հետ պարտադիր կերպով համաձայնեցնելը, գործող ցանցի տեխնիկական վերազինումը և այլն:
Քննարկումների արդյունքում որոշվել է ուսումնասիրել կարկտահարության դեմ պայքարի հրթիռային կայանների կիրառման միջազգային առաջավոր փորձը, Հայաստանում դրա ներդրման և տեղում արտադրություն կազմակերպելու հնարավորությունները, քարտեզագրել հանրապետության պահպանության տարածքները` ըստ տվյալ տարածքի համար առավել նպատակահարմար հակակարկտային եղանակների կիրառմամբ, ինչպես նաև ներկայացնել պահանջվող ներդրումների ֆինանսական գնահատականը` 2018 թվականի ՀՀ պետական բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին