Սիրիահայերը կշարունակեն ուսումը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/001_1371720271.jpg)
Սիրիահայ երեխաների համար կազմավորված “Կիլիկյան վարժարանում”, ինչպես Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում, 2012-13 ուստարվա ավարտական քննությունները, սահմանված կարգով, անցկացվում են հունիսի 5-ից 22-ը։
Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաեւ Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում գործող, սիրիական ծրագրով առաջնորդվող “Կիլիկյան վարժարանի” առաջին շրջանավարտները 38–ն են։
Քննաշրջանի ընթացքում ուսման որակի ու առաջադիմության դեռեւս ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է միայն “Անգլերեն” առարկայից՝ 100 տոկոս, քիչ զիջում են “Հայերեն” առարկայի քննական արդյունքները՝ ուսման առաջադիմությունը 100 տոկոս է, ուսման որակը՝ 93 տոկոս, “Արաբերեն” լեզվի ուսման որակը զգալիորեն զիջում է՝ 70 տոկոս։ Բնագիտական ու ճշգրիտ գիտությունների առարկաներից սիրիահայ երեխաները ցուցաբերել են միջինից բարձր առաջադիմություն։
Ամփոփելով ավարտական դասարանի ուսումնական տարին՝ վարժարանի տնօրեն Նորա Փիլիպոսյանը նշել է, որ ուսման առաջադիմությունը 100 տոկոս է, ուսման որակը՝ դեռեւս 86,2 տոկոս. “Քրիստոնեական կրոնի պատմություն” եւ “Ֆրանսերեն” առարկաների քննություններն անցկացվելու են քննաշրջանի վերջին օրերին։ Տնօրենը նաեւ ընդգծել է, որ բոլոր շրջանավարտները պատրաստվում են ուսումը շարունակել Երեւանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն