15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աժիոտաժային հայտարարություններ անելը ճիշտ չէ. Շարմազանով

«Առաջարկում եմ իմ գործընկերներին, ովքեր որ տեղյակ չեն իրականությունից, աժիոտաժային հայտարարություններ չանել: Եթե նրանց նպատակն այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում հարցականներն ավելացնեն, դա այլ խնդիր է,  բայց անել հայտարարություններ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն, սա, կարծում եմ, առնվազն ճիշտ չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության վերաբերյալ արված տարաբնույթ քննադատական հայտարարություններին: Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, 2017-ի առաջին իսկ օրը տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, որ 2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ փոխարինելով Նիկոլայ Բորդյուժային: Սա, ըստ որոշ փարձագետների քարտ բլանշ է Ադրբեջանին ՌԴ-ի կողմից:

ԱԺ փոխնախագահը, սակայն, հիշեցրեց, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընտրում են նախագահները՝ կոնսենսուսով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սանկտ-Պետերբուրգում ներկա չէր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, չէր կարող ընտրվել ՀԱՊԿ նոր քարտուղար, ուստի այդ պարտականությունները դրվեցին նրա առաջին տեղակալի վրա: «Եթե ոմանք չեն հասկանում, ավելի հասկանալի լեզվով բացատրեմ: Երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց, ԱԺ նախագահի պարտականությունները դրվեցին ինձ վրա՝ որպես տեղակալ, ապա ընտրվեց ԱԺ նոր նախագահ: Հիմա ապրիլին ՀԱՊԿ գագաթնաժողովին ռոտացիոն կարգով կընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, և ռոտացիոն կարգով հերթը Հայաստանինն է:

Ի՞նչ Ադրբեջանին քարտ բլանշ»:

Է. Շարմազանովը նաև ուշադրություն հրավիրեց Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը՝ Չինարիի դեպքերի վերաբերյալ: Նա այդ հայտարարությունը որակեց որպես  հայանպաստ. «Նման հայանպաստ հայտարարություն վերջին դեպքերի վերաբերյալ այդ ո՞վ է արել, թող ասեն, այդտեղ հասեցական սադրանք է որակվել ադրբեջանական կողմի գործողությունները: Թող իրենք ում հետ մոտ են, ում հետ կապեր ունեն, հայտարարություն անեին, թող մի միջազգային կառույց աներ, ո՞ւմ ձեռքն ենք բռնել: Փոխարենը ողջունեն այդ հայտարարությունը, ասում են՝ Ռուսաստանն Ադրբեջանին քարտ բշանշ է տալիս: Հայ-ռուսական հարաբերություններում չկա հարց, որ չի կարող լուծում ստանալ»,-ասաց նա:

Ըստ Է. Շարմազանովի՝ բնական է, որ ինչպես ցանկացած կառույցում, այնպես էլ  ՀԱՊԿ-ում կան խնդիրներ. «Ինչո՞ւ ՆԱՏՕ-ում չկան, ՆԱՏՕ անդամ 2 սահմանակից երկրներ՝ Թուրքիան ու Հունաստանն, այնքան հարց ունեն իրար հետ, որ ներկայացնեմ, այդ հարգարժան փորձագետները չկարողանան հարցերին պատասխանել»,-նկատեց նա:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ոչ մի գաղտնի բան չի եղել, նաև հորդորեց. «Պետք չի գերագնահատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ազգությունն ու քաղաքացիությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է բացառապես սպասարկի ՀԱՊԿ-ի գլխավոր շահերը: Ինչպես Եվրասիական տնտեսական միությունում Տիգրան Սարգսյանը Հայաստա՞նի շահերն է պաշտպանում, ոչ, ԵՏՄ-ի շահերն է պաշտպանում: Պարոն Տուսկը Եվրամիությա՞ն շահերն է պաշտպանում, թե՞ Լեհաստանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Պորտուգալիա՞յի գլխավոր շահերն է պաշտպանում, թե՞ ՄԱԿ-ի: Այս հարցերը տվեք, թող պատասխանեն մեր ընկերները»,-եզրափակեց Է. Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ