Մեկ տարում բյուջեին 1.5 մլրդ դրամի վնաս է հասցվել
Հայաստանյան 134 բուժհաստատություններից հարյուրը իրենց անհրաժեշտ դեղորայքը ձեռք է բերել առանց մրցույթի: Այս մասին այսօր նիստի ընթացքում հայտնեց ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Մանուկ Միքայելյանը: Իսկ սա նշանակում է, որ նրանք իրենց ցանկությամբ են որոշել, թե ումից պետք է դեղորայք գնեն: Հաստատությունները դեղերը ձեռք են բերել եռակի թանկ գնով: Օրինակ՝ հակաբորբոքային ՛՛ցեֆտրիաքսոն՛՛ դեղամիջոցը որոշ հիվանդանոցներում գնել են 850 դրամով այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է: Պետությունն անհամեմատ թանկ է վճարել նաև ՛՛նատրիումի քլորիդի՛՛ համար՝ 150-ի փոխարեն վճարելով 350 դրամ:
Բանախոսը նշեց, որ պարզաբանումների համար իրենք դիմել են հիվանդանոցների տնօրեններին, ովքեր, պատճառաբանելով, ասել են , թե իրենք տեղեկացված չեն եղել օրենքին:
՛՛Առավել մտահոգիչը Շիրակի մարզն է, Լոռին, ապա մայրաքաղաքը: Շիրակում բուժհաստատությունները ընդհնարապես չեն անցկացրել մրցույթ՛՛,-հավելեց գլխավոր մասնագետը: Նման վարքագծի հետևանքով պետական բյուջեին վնաս է պատճառվել ավելի քան 1.5 մլրդ դրամ:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հավելեց, որ մրցույթներ չեն հայտարարվել նաև սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղարայքի ձեռքբերման համար: ՛՛Հիվանդանոցների տնօրենները մշտապես իրենց հիվանդներին ուղղորդել են հատուկ դեղատներ, կոնկրետ մեկ դեղատուն, իսկ դրա համար կրկին ավելի վճարել է պետությունը: Մեզ պատասխանել են, որ միակն է եղել այդ շրջանում դեղատունը, սակայն պարզել ենք, որ այդպես չէ՛՛,-հավելեց Շաբոյանը: Օրինակ ՛՛ամլոդիպին՛՛ դեղորայքի գինը 850դրամ է, իսկ հիվանդանոցն այն ձեռք է բերել 4800 դրամով:
՛՛Մենք գործ ենք ունեցել համակարգված իրավախախտումների մի ամբողջ շղթայի հետ: Մենք այս ամենի մասին կտեղեկացնենք Գլխավոր դատախազությանը և հետևողական կլինենք՛՛,-եզրափակեց ՏՄՊՊՀ նախագահը: