Խաչիկյանը չի՞ հետաքրքրում
Վաղը հունիսի 20-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը: Այս փուլում դատարանը հարցաքննում է վկաներին:
Հիշեցնենք նաեւ, որ դտական նիստերը անց են կացվում Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում, քանի որ այստեղի դահլիճը ավելի մեծ է:
Անցած նիստում` հունիսի 13-ին ամբաստանյալների պաշտպանները առաջարկեցին նիստերը շարունակել Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր դատարանի շենքում: Ըստ պաշտպանների, հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ, եւ քիչ մարդ է մասնակցում դատավարությանը:
Պետական մեղադրողներն էլ իրենց հերթին նշեցին, որ եթե աշխատանքային նորմալ պայմաններ են լինելու, ապա չեն առարկում: Դատավոր Մխիթար Պապոյանը միանշանակ հայտարարեց, որ այսպիսի պայմաններ չեն կարողանալու ապահովել:
Նա առաջարկեց պաշտպաններին քննարկել եւ ներկայացնել որոշումը; Թերեւս պաշտպանները չեն կողմնորոշվել, քանի որ վաղվա նիստը եւս Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում է լինելու: