13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողությունում”

Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն” ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է “Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը”:

Հայկական հայտը համալրեց աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչեւ ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ  պարունակող ցանկը: Այսուհետ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են  Բեթհովենը, Բրամսը եւ Շոպենը:

Այս տարի Ռեգիստրում գրանցված անվանացանկը ներառում է Վրաստանի եւ Մեծ Բրիտանիայի կողմից համատեղ ներկայացված “Վագրենավորը” պոեմի ձեռագիրը, Գերմանիայի կողմից ներկայացված Կարլ Մարքսի ինքնագրով “Կապիտալ” աշխատության ձեռագիրը, 15-18 դարերում Լեհաստանի թագավորության եւ Օսմանյան Կայսրության միջեւ կնքված խաղաղության պայմանագրերը,  Իսպանիայի կողմից ներկայացված “The Decreta of León of 1188” վերտառությամբ Եվրոպական խորհրդարանական համակարգի վերաբերյալ ամենահին փաստաթուղթը, 1497-1499 թթ. Վասկո դա Գամայի Հնդկաստան կատարած ճամփորդության վերաբերյալ ձեռագիրը:

“Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը” հայտը պատրաստվել է  ՀՀ ԱԳՆ կողմից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի եւ կոմպոզիտորի որդի Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ: Հայտը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր ներկայացվել 2010թ. եւ մինչեւ 2012թ. համալրվել էր հավելյալ նոտաների ձեռագրերով:

Այսպիսով, “Աշխարհի հիշողություն” ծրագրում իր տեղը գտավ հայկական երրորդ փաստագրական ժառանգությունը. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011թ.-ից` “Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությամբ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ