Կմեկնարկի “Ավելի մաքուր Երեւան” ծրագիրը
Նախքան աշխատանքային հերթական խորհրդակցությունը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնելով քաղաքապետի նորանշանակ տեղակալներին, մեկ անգամ եւս շնորհավորել է եւ ընդգծել, որ ակնկալում է ամենօրյա սրտացավ աշխատանք` բնակիչների վստահությունը արդարացնելու եւ ավելի լավ Երեւան ունենալու համար:
Խորհրդակցության ընթացքում առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասով նախորդ շաբաթ կազմվել է 18 վարչական արձանագրություն: Մշտական աշխատանք է տարվում ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումները բացառելու նպատակով: Ուսումնասիրվել են նաեւ վարչական շրջաններում նոր փոքր շուկաների կազմակերպման վայրերի հետ կապված առաջարկությունները:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ իրականացված փողոցներում, ինչպես նաեւ երկրորդական, կրթական, մշակութային եւ առողջապահական հիմնարկներին հարակից փողոցներում, առաջնահերթորեն իրականացվում են գծանշման աշխատանքներ, փոխվել է նաեւ 49 ճանապարհային նշան:
Վարչական շրջաններում գտնվող անբարեկարգ փոքր ֆուտբոլի դաշտերի բարեկարգման հետ կապված` շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների հիմնական մասն ավարտված է:
Հանձնարարվել է ակտիվացնել փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները այն փողոցներում եւ բակային տարածքներում, որտեղ 2013 թվականի ծրագրով նախատեսված չեն հիմնանորոգման աշխատանքներ:
Անդրադառնալով անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման եւ այլ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է 107 վարչական արձանագրություն: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել մշտական հսկողությունը` պայմանագրային պարտավորությունների կատարման եւ մայրաքաղաքի արտաքին ընդհանուր տեսքի պատշաճ ապահովման ուղղությամբ:
Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում մայիսի 29-ից մինչ օրս ապամոնտաժվել է “Գովազդի մասին” ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաեւ Երեւանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող 312 գովազդային վահանակ: Զեկուցվել է նաեւ Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է Երեւան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների եւ համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը:
Երեւանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ մայրաքաղաքի հրապարակների վերակառուցման համար հայտարարված բաց մրցույթի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են առաջարկություններ:
Կանաչապատման աշխատանքների հետ կապված` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման աշխատանքները: Հանգստյան օրերին Տարոն Մարգարյանը անձամբ է շրջել վարչական շրջաններով եւ հետեւել կանաչապատման աշխատանքներին: Քաղաքապետն ընդգծել է, որ արվածը դեռ բավարար չէ եւ պետք է անել ավելին` ցանկալի արդյունքի հասնելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի հանգստի գոտիների եւ անտառպուրակային տարածքների մաքրման եւ պահպանման նպատակով կմեկնարկի “Ավելի մաքուր Երեւան” կարգախոսով ծրագիրը: Ողջունելով այդ ուղղությամբ իրականացվող հասարակական նախաձեռնությունները` քաղաքապետն առաջարկել է աշխատանքներում ներգրավել հասարակական եւ երիտասարդական կազմակերպություններին, նաեւ՝ բոլոր ցանկացողներին:
“Մայրաքաղաքում կան մի շարք զբոսայգիներ ու վայրեր, որտեղ երեւանցիները սիրում են իրենց հանգիստ անցկացնել հատկապես ամռանը, ինչն էլ, սակայն, պատճառ է դառնում աղբի կուտակման: Միայն Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը բավարար չէ: Մենք պետք է ներգրավենք ու խրախուսենք նաեւ հասարակական կազմակերպություններին` կոչ անելով իրենց մասնակցությունը բերելու այդ նախաձեռնություններին, որպեսզի ունենանք ավելի մաքուր Երեւան: Առաջարկում եմ սկսել հենց Հրազդանի կիրճից: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ եւ համատեղ ուժերով կյանքի կոչել ծրագիրը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
“Ավելի մաքուր Երեւան” ծրագրի կազմակերպման համար Երեւանի քաղաքապետարանը կապահովի անհրաժեշտ բոլոր պարագաները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն