26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քո մեջ ոչնչացրու երկու բան

«ՉԱՐԻՔԻ ԴԵՄ ԱՌՆԵՆՔ ՀԵՆՑ ՍԿԶԲԻՑ՝ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՓՈՐՁԵԼՈՎ ՀՈԳՈՒՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԲԱՐԿՈՒԹՈՒՆԸ» •••

Քո մեջ ոչնչացրու երկու բան՝ քեզ ոչ մի բարձր բանի պիտանի մի համարիր և մի մտածիր, որ ուրիշ որևէ մարդ ավելի ցածր է քեզանից, այդ դեպքում քեզ հասցրած անարգանքը երբեք բարկության չի տանի:

Ջղայնությունը հոգու գինովություն է, խելքահան է անում ինչպես գինին: Պատկերացրու բարկացկոտին• նա ինքն իր տերը չէ և իրեն իսկ չի ճանաչում, չի ճանաչում և ներկաներին, հարձակվում է բոլորի վրա, ասում է մտքին եկածը, անսանձ է, հայհոյող, հարվածող, սպառնում է, երդվում, գոռգոռում և դուրս է գալիս ափերից:

Բարկության պատճառով եղբայրներն ուրացել են միմյանց, ծնողներն ու երեխաները մոռացել են իրենց բնական կապերը: Բարկացածները սկզբում չեն ճանաչում իրենք իրենց, իսկ հետո սկսում են չճանաչել նաև իրենց բոլոր մերձավորներին: Ինչպես որ լեռնային հեղեղատները հոսում են դեպի ցածրադիր վայրեր և իրենց ճանապարհին քշում տանում են հանդիպած ամեն բան, այդպես էլ բարկացածների բռնադատող և անսանձ տենչանքները համատարած վնասում են բոլորին: Ջղայնությունը չի հարգում ոչ սպիտակ մազերը, ոչ առաքինասեր կյանքը, ոչ ազգակցական կապը, ոչ նախկին գթասրտությունները և ոչ էլ մնացած այլ բաները, որոնք ինչ-որ արժեք ունեն: Ջղայնությունը կարճաժամկետ կատաղություն է:

Սրանց բարկությունն այնքան ժամանակ չի դադարի, մինչև որ անչափավորությունից և չբժշկված չարությունից նրանց բարկությունը փուչիկի նման չպայթի ու տաքացած վիճակը չսկսի սառչել: Բարկությունից կատաղած անձին ոչ սրասույր թրերը, ոչ կրակը և ոչ էլ մի այլ սարսափելի բաներ չեն կարող զսպել, ինչպես որ չեն կարող զսպել դիվահարին, ումից բարկացածը ոչ արտաքին տեսքով և ոչ էլ հոգեվիճակով չի տարբերվում:

Մի բուժեք չարիքը չարիքով, մի փորձեք այդ կործանարար ասպարեզում միմյանց գերազանցել: Վիրավորե՞լ է քեզ բարկացած մեկը, կանգնեցրու չարիքը լռությամբ: Թշնամուն մի դարձրու քեզ համար ուսուցիչ, մի ձգտիր այն բանին, ինչն ատելի է քեզ համար: Մի դարձիր բարկացածի համար՝ որպես հայելի՝ քեզ վրա ի ցույց դնելով նրա պատկերը: Նրա դեմքը մուգ կարմիր է, իսկ դու, ինչ է, չե՞ս կարմրել: Նրա աչքերը լցվել են արյամբ, բայց, ասա ինձ, արդյոք քո աչքերում անդո՞րր է: Նրա ձայնը խիստ է, իսկ քոնը արդյոք հե՞զ է:

Անապատային արձագանքն այնպես լիությամբ չի պատասխանում խոսողին, ինչպես որ վիրավորանքները վերադառնում են վիրավորողի մոտ: Ճիշտ կլիներ ասել, որ արձագանքը կրկնում է այն, ինչ ասում են, իսկ վիրավորանքը վերադառնում է ավելիով: Ի՞նչ են ասում միմյանց վիրավորողները:

Մեկն ասում է. «Դու ստոր ես և անարգ ցեղից», մյուսը պատասխանում է. «Իսկ դու ստրուկների ստրուկն ես», մեկը՝ տգետ, մյուս՝ հիմար և այլն: Իսկ երբ լեզվով նետահարված՝ վիրավորանքները վերջանում են, անցնում են գործով վրեժ լուծելուն: Քանի որ դյուրաբորբոքությունը վեճ է բորբոքում, վեճը ծնում է վիրավորանքներ, վիրավորանքներից էլ՝ ծեծկռտուք, իսկ սրանից էլ՝ վերքեր, վերքերից էլ հաճախ մահ է առաջանում:

ՍՈՒՐԲ ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԸ ծնվել է 330 թվականին Կեսարիայում։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հետ կազմել է «Սուրբ Գիրքը և նրա մեկնաբանը՝ Որոգինեսը» աշխատությունը: Կեսարիայում կառուցել է երկու մենաստան: Մահացել է երիտասարդ, 49 տարեկանում, 379 թվականի հունվարի 1-ին:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ