Բռնենք 10 հոգուն մորթենք … ՀՀԿ-ը քաղաքական որոշումներ կկայացնի

ՀՀԿ-ն ընդդիմութան աթոռի վրա աչք չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նշենք, որ այսօր նման տեսակետ էին հայտնել ընդդիմադիր պատգամավորները:
Ըստ Սահակյանի`Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ շոու կար, բայց իրենք չէին դրա հեղինակները:
”Եվ շոու կար, և պոպուլիզմ կար, և չարախնդում կար, իսկ ընդդիմության աթոռի վրա էլ աչք չունենք, դրա համար քաղաքական խնդիրներ կան, որը պետք է իր վրա վերցնի ընդդիմությունը, կան ակտիվ քաղաքական գործիչներ ընդդիմությունից, բայց զրոյական դաշտից դուրս չեն գալիս: Դրա համար ընդդիմության բեռն էլ ենք մենք տանում: Այդ ամենը պետք է ընդդիմությունը ներկայացներ, բայց այդ ամենը մենք ենք անում և շատ ճիշտ ենք անում’‘:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումներին. Սահակյանը խորհուրդ է տալիս սպասել կառավարության դիրքորոշմանը: Սակայն եթե քննարկումներից հետո արդեն վերջնականապես պարզ լինի, որ ալան ու թալան է եղել, ՀՀԿ-ը քաղաքական որոշումներ կկայացնի:
”Այսինքն` եթե կգտնենք, որ այդ թափթփվածությունները, թերությունները, փոշիացումները անարդյունավետ որոշումներ են, մենք կտանք քաղաքական որոշում, եթե կլինեն հանցագործություններ, քրեական որոշումներ կլինեն, եթե ոլորտային առումով խնդիրներ լինեն, որտեղ չինովնիկները մեղավոր են, այդտեղ կլինեն վարչարարական մոտեցումներ:
Չարաշահումները չեն համաձայնեցվում, հենց դրանով են դրանք չարաշահում։ Չարաշահումները չի կարելի անձերի վրա բարդել, դա հասարակական երևույթ է, իսկ հասարակական, քաղաքական ուժերն էլ պետք է հետամուտ լինեն, որ հասարակությունը ազատ իր միտքն արտահայտի, դա ավելի պրոֆիլակտիկ երևույթ է, քան բռնենք 10 հոգուն մորթենք, ասենք` բացահայտումն ավարտված է”: