Այսօրվանից ամառը մտել է իր իսկական դերի մեջ. ինչպիսի ամառ է սպասվում

Թեև հունիսի առաջին կեսին ավելի շատ գարնանային եղանակ էր, սակայն հենց այսօրվանից ամառը մտել է իր իսկական դերի մեջ: “Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով` Արարատյան դաշտում այսօր կդիտվի 35 աստիճան տաքություն:
“Այս տարվա ամառը կլինի սովորական, նորմայի սահմաններում: Առանձնակի բարձր ջերմաստիճան չի սպասվում: Ամռան բոլոր ամիսների ընթացքում ջերմաստիճանը կլինի նորմային մոտ, տեղումների քանակը` առանձին վայրերում նորմայից պակաս”,- ասաց տիկին Պետրոսյանը` նշելով, որ տեղումների քանակը հունիսին Սյունիքում կլինի նորմայից ցածր, հուլիսին` Լոռիում և Տավուշում, օգոստոսին` Լոռիում, Սյունիքում, Արարատյան դաշտավայրում:
Այսօր և վաղը ջերմաստիճանի բարձր ֆոնը կպահպանվի: Հունիսի 17-ին և 18-ին, սակայն, սպասվում են տեղումներ, այս օրերին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Առանձին վայրերում հնարավոր են նաև կարկուտներ:
Ըստ օդերևութաբանի` վերջին տասը տարիների ընթացքում գրանցվել են շոգ ամառներ, իսկ հունիս ամսվա կտրվածքով ամենաշոգը եղել է 2006 թվականի ամառը, երբ հունիս ամսին գրանցվել է առավելագույնը 38 աստիճան, իսկ 2011-ի ամռանը Հայաստանում գրանցվել է երբևէ չգրանցված` 43.7 աստիճան տաքություն: Այս ամառը, սակայն, ըստ տիկին Պետրոսյանի, նման կլինի նախորդ` 2012 թվականի ամռանը, երբ նորմայից շեղումներ չեղան: