Հայաստանը կարող է լինել ուսանելի մոդել Կովկասի համար. Դոմինիկ դը Բյուման
“Մեր պատվիրակությունը չորս տարի առաջվա համեմատ առաջընթաց է ընդգծում”,-այսօր ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ՝ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է շվեյցարական պատվիրակության համանախագահ Դոմինիկ դը Բյումանը` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին:
Որպես երկրի ներդաշնակ զարգացման խոչընդոտ, շվեյցարացի պատգամավորը նշել է մենաշնորհային տնտեսության ու կոռուպցիայի առկայությունն ու տնտեսական մրցակցության անբավարար մակարդակը:
Անդրադառնալով ՀՀ-ում 2013 թ.-ին սպասվող նախագահական ընտրություններին, Դոմինիկ դը Բյումանն ասել է. “Ապագա նախագահական ընտրությունները ՀՀ ժողովրդավարության համար կարեւոր թեսթ են հանդիսանում: Մեր խորհրդարանական խումբն այդ առիթով հրապարակային կոչ է անում իշխանության ներկաայցուցիչներին` ամեն ինչ անել ընտրական գործընթացը հնարավորինս անխոցելի դարձնելու համար: Հայաստանն այդ դեպքում կարող է հպարտանալ, մասնավորապես Եվրոպայի հետ մերձեցման գործընթացներում”,-նշել է նա եւ հավելել, որ Հայաստանի օրինակը կարող է ողջ Կովկասի համար ուսանելի մոդել լինել:
Դոմինիկ դը Բյումանը հիշեցրել է, որ 2013թ-ին ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելու է Շվեյցարիան եւ հույս է հայտնել, որ Շվեյցարիայի նախագահութունը թույլ կտա նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ եւ տեւական լուծմանը :