Իշխան Զաքարյանի շքեղ, ծաղիկներով տունն ու Փաշինյանի բարեմաղթանքները

՛՛Շատ հետաքրքիր ներկայացում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ուղղված հարցերի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը նշեց, որ մեկ տարի առաջ էլ է Զաքարյանին այս հարցը տվել և հիմա էլ է հարցնում Պաշտպանության նախարարության հարևանությամբ արդեն ավարտին հասցված դղյակի մասին:
Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ արդեն ավարտին է հասցվել տարիներով կառուցվող դղյակի շինարարությունը, որը շատ տպավորիչ է, մեծ ծաղկեփնջերով պատված: ՛՛Իհարկե, ես երջանկություն եմ մաղթում Ձեզ, Ձեր հարազատներին, բայց մի փոքր ավելի երջանկություն եմ մաղթում ՀՀ քաղաքացիներին՛՛,-ասաց պատգամավորը՝ հարցնելով, թե ինչ միջոցներով է կառուցել Իշխան Զաքարյանն այդ շքեղ առանձնատունը:
՛՛Ես շատ լավ հասկանում եմ ձեր հարցի ամբողջ ենթատեքստը՛՛,-պատասխանեց ՎՊ նախագահը՝ հիշեցնելով, որ այդ հարցի մասին դեռևս երկու տարի առաջ ՛՛Իրավունք՛՛ թերթն է անդրադարձել, և ինքն այն ժամանակ էլ ու հիմա էլ ասում է, որ այդ տան կառուցման համար ներդրումներն ինքը չի արել: Ավելին, Զաքարյանը հայտնեց, որ այդ նույն ներդրողը շուտով երկրորդ առանձնատունն է կառուցելու: ՛՛Ձեր ասածը չի վերաբերում իմ գործունեությանը, ցույց տվեք ՎՊ-ի մի արձանագրություն, որտեղ կարող է ձեր ենթադրյալ ռիսկը լինել՛՛:
Պատգամավորը արձագանքեց, թե չհասկացավ պատասխանը: ՛՛Իմ հարցը ենթատեքստ չունի՝ պարզ տեքստ է, ձեր տունը ձեզ պատկանո՞ւմ է, թե՞ չէ, ապրում եք այնտեղ, թե՞ չէ: Դուք հիշեցիք լրատվամիջոցներին, նշեմ, որ ձեր կինը լրատվամիջոցի ներկայացուցչի հետ զրույցում ընդունել է, որ ձեր տունն է՛՛:
՛՛Որևէ մեկը չի ժխտում, որ դա իմ տունն է: Ես էլ չեմ ժխտում, որ մենք այնտեղ ենք ապրում, պատրաստ եմ ցանկացած ժամանակ բոլոր հիմքերը ցույց տալ՛՛,-պատասխանեց ՎՊ նախագահը: