Ամեն բան արվում է, որ Ռուսաստանը չնեղանա կամ չջղայնանա

“Քաղաքական և միջազգային հետազոտությունների “ կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ չնայած Հայաստան- Եվրամիություն ասոցացման ծրագիրը իր մեջ ներառում է և մարտահրավերներ, և հնարավորություններ, այնուամենայնիվ հարկավոր է իրականություն դարձնել այս ծրագիրը:
Ռուբեն Մեհրաբյանը խոսեց նաև խոչնդոտների և սպասող կոնֆլիկտների մասին: Թիվ առաջին կոնֆլիկտը` փորձագետի խոսքով` կարող է ստեղծել Ռուսաստանը, որը Հայաստանին առանձնապես բան չտալով` պահանջում է ավելին :
” Ռուսաստանը այս տրամաբանությամբ է իր քաղաքական շփումները կառուցում: Հետխորհրդային երկրների և արևմուտքի երկրների միջև փոխհարաբերությունների զարգացմանը զուգահեռ Ռուսաստանը վարում է խափանման և բովանդակազրկման բավականին էֆեկտիվ քաղաքականություն”, -նշեց փորձագետը:
Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ` հետխորհրդային տարիներից սկսած մենք հայտնվել ենք այնպիսի ճահճացած իրավիճակում, որը ըստ էության մեզ տանում է դեպի “դեմոկրատական աղետ, արտագաղթ, սոցիալական ընդվզումներ և ոչ կոմպետետ կառավարում, որն էլ պարարտ հող է նախապատրաստում տարածաշրջանում ծագող նոր կոնֆլիկտների համար”:
Ըստ փորձագետի ամեն բան արվում է, որ ”Ռուսաստանը չնեղանա կամ չջղայնանա, ու դրա հետևում հետ են մղվում մեր ազգային շահերը: Իսկ Ռուսաստանը հետխորհրդային երկրների մերձեցումը իրար հետ դիտարկել և դիտարկում է, որպես սպառնալիք իր անվտանգությանը և իր արտոնյալ ազդեցությանը”,-հավելեց Ռուբեն Մեհրաբյանը: