01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես չեմ պատկերացնում մի մարդու, ով ինձ ստիպի հրաժարական տալ. Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ` պատասխանելով թե վերջին 2 խաղերին, թե իր հրաժարականին վերաբերող մի շարք հարցերի: 

– Խնդրում եմ հստակ ասել՝ արդյո՞ք հրաժարական տալու եք:

– Իսկ ո՞վ է ինձանից հրաժարական պահանջել, որ ես էլ հրաժարական տամ: Կուզենայի ավելացնել. ես երեկ հայտարարել էի, որ եթե երկրպագուները, ժողովուրդը ցանկանան, ապա ես՝ հրաժարական կտամ: Բայց, եթե մի քանի հոգի իրենց անձնական նկատառումներով ցանկանում են, որ ես հրաժարական տամ, ապա դա անհեթեթություն է: Ինձ քննադատողներին կխնդրեի վիրտուալ կյանքից տեղափոխվել իրական կյանք: Հաճելի չէ, որ մարդիկ ֆորումներում հայհոյում են, ֆուտբոլային անգրագիտությամբ աչքի ընկնում: Եթե կան խնդիրներ, ապա թող գան, նստեն եւ քննարկեն, թող չվախենան: Թող ասեն, թե ինչ վնաս եմ տալիս հայկական ֆուտբոլին:

– Ո՞վ է որոշում, թե ֆուտբոլիստներն ում հարցազրույց տան, եւ ինչու՞ են մերժում մեր դիմումները:

– Դրա համար կա ամբողջ աշխարհում ընդունված ձեւ: Հավանաբար, նպատակահարմար չեն գտնում, ինչի համար էլ մերժում են: Համբերեք Ձեր հերթին:

– Ի՞նչն էր մեր խնդիրը Մալթայի հետ խաղում եւ ի՞նչը փոխվեց Դանիայի հետ խաղում:

– Մալթայի հետ խաղին մեր ֆուտբոլիստները մտել են մարզադաշտ՝ “սուպեր” խաղացողների կարգավիճակով… Իմ անձնական կարծիքով՝ նրանք գտնում էին, որ մեկ ոտքի վրա կհաղթեին Մալթային եւ պատժվեցին: Դանիայի հետ խաղում նրանք արեցին այն, ինչը պարտավոր էին: Ցուցադրեցին իրենց կարողությունները: Դանիայի հետ խաղում մեր խաղացողները հերոսություն չեն արել… Այդ դեպքում ինչ պետք է ասեն մեր շախմատիստներին:

– Խրախուսելու՞ եք որեւէ մեկին, ով Ձեր կարծիքով լավ է խաղացել:

– Խրախուսվելու են բոլորը:

– Ինչպե՞ս:

– Պատվոգրերով: – Ձեր վերաբերմունքը, նախ, “Իմպուլսի”՝ Հայաստանի Բարձրագույն առաջնության մասնակցությունից հրաժարվելու փաստին։ Երկրորդ՝ “Բանանցի” նախագահի հրաժարականին, ինչպես նաեւ այն հանգամանքին, որ “Ուրարտուի” ղեկավարները դժգոհում են մուտքավճարի մեծ լինելուց:

-“Ուրարտուի” ղեկավարները երբ եկան ինձ մոտ, ես հարցրեցի՝ թե ի՞նչ են ուզում, նրանք ասացին, որ ցանկանում են թիմ բացել: Ես նրանց բացատրեցի, որ ակումբ չեն բացում, այլ հիմնում են: Նրանց հետ երկար զրուցեցի…սակայն ինձ այդպես էլ չկարողացան ասել, թե ինչպես է ֆինանսավորվելու ակումբը: Նույնիսկ 200 հազար դոլար չեն կարողանում գտնել: Ես չեմ ցանկանում, որ նրանք ընկնեն “Իմպուլսի” օրը…

Սարգիս Իսրայելյանը զուտ արդյունքների պատճառով է հրաժարական տվել: “Բանանցն” ամուր կանգնած է եւ ոչ մի խնդիր չի լինի: “Բանանցի” սեփականատերը սիրում է հայկական ֆուտբոլը եւ ամեն ինչ կանի ակումբի համար: Իրականում, մեր առաջնության մակարդակն ինձ չի բավարարում, ինչը, հիմնականում, ֆինանսների խնդիր է: Ակումբները ֆինանսավորման խնդիր ունենք, որը թույլ չի տալիս առաջընթաց ապահովել:

– Յան Պոուլսենն օրերս հայտարարել է, որ Դուք միջամտում եք հավաքականի կազմի ընտրությանը, ինչի համար էլ հեռացրել եք նրան…

– Յան Պոուլսենը՝ մեծ ստախոս է: Ես Մոլդովայի հետ խաղից հետո նրան հարցրել եմ, թե ինչու՞ է ինքը խաղացնում վնասվածք ունեցող Արթուր Ոսկանյանին: Այդ ժամանակ նա ինձ պատասխանեց, թե ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ: Իսկ ես պատասխանել եմ, որ եթե ֆուտբոլիստի ցանկությամբ եք առաջնորդվում, ապա հեռացված եք… Ինչու՞ Պոուլսենը չէր խոսում այն ժամանակ եւ այժմ, հանկարծ, “հիշեց”… Իմ սխալներից մեկն էր՝ Պոուլսենին այն ժամանակ գլխավոր մարզիչ նշանակելը: Վատ է, որ այդ տարիքում սուտ են խոսում:

Ես երբեւիցէ չեմ միջամտում հիմնական կազմի ընտրությանը, սակայն խաղից հետո կարծիք եմ հայտնում, ասում եմ, թե ինչ սխալներ կային: Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ, համար առաջին պատասխանատուն եմ… Ես էլ պետք է իմ ենթականերից պահանջեմ: Օրինակ, Դանիայի դեմ խաղի հետ կապված մի քանի հարց ունեմ գլխավոր մարզչին… – Մալթայի հետ խաղի մեկնարկային կազմն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Մենք կարող էինք 2 խաղացողով պակաս հանդես գալ եւ հաղթեինք… Կազմը՝ շատ նորմալ էր: Մենք ունենք 4 հարձակվողներ, որոնցից յուրաքանյուրը ցանկացած պահի կարող է մտնել խաղադաշտ: Մարզչից լավ ոչ ոք չի կարող հասկանալ, թե ով է պատրաստ հանդիպմանը: Ինչո՞ւ Յուրա Մովսիսյանը հիմնական կազմում չի եղել: Նա չէր կարող խաղալ, քանի որ մեկ օր առաջ կտրել, անցել էր օվկիանոսը… Տեսանք, մտավ երկրորդ խաղակեսում:

Կարողացա՞վ: Ոչ: Ես կարծում եմ, որ կազմը ճիշտ էր ընտրվել, սակայն մարտավարության մասին չեմ կարող ասել, քանի որ այստեղ ավելի նեղ մասնագիտական կարծիք է պետք: Հավաքականում եղել են 1-2 խաղացողներ, որոնք իրենց փորձել են վեր դասել մնացածից, իսկ իմ խնդիրը՝ նրանց նման բան թույլ չտալն է:

– Երիտասարդական հավաքականի խաղից հետո գլխավոր մարզիչը նշեց, որ շատ գոհ է: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

– Ինչպե՞ս կարող եմ կիսել: Զարմանում եմ Նազարյանի բառերի վրա: Չեմ ցանկանում կոպիտ բառեր ասել… Պարտված խաղից հետո հնարավոր չէ գոհ մնալ: Գտնում եմ, որ մարզիչն իրավունք չունի նման բան ասել, բարոյական չեմ համարում:

– Վանաձորում ե՞րբ կսկսվի ֆուտբոլի դպրոցի կառուցումը:

– Մոտ ժամանակներս կսկսվի, եթե Սաքունցը նորից դատի չտա… Տեղի պատգամավորը Սաքունցի հետ միասին կազմակերպել են այդ ամենը եւ թաքնվել: Մեծահասակները՝ ոչինչ, փոքրերի դեմ են անում… 3 տարով ֆուտբոլը ետ են գցել:

– Հարցս Դենիս Թումասյանի վերաբերյալ է…

– Հոպ, հոպ, հո՛պ… Այդ մասին այստեղ չխոսեք: Ես խնդրել եմ, որ չվիրավորեք հավաքականին…
Դենիս Թումասյանից ավելի ուժեղ բազմաթիվ ֆուտբոլիստներ կան Հայաստանի առաջնությունում… Այդքան ենք հասկանում ֆուտբոլը:

– Դուք տեղյա՞կ էիք, որ Յուրա Մովսիսյանը ուշ է միանալու հավաքականին: Ինչո՞ւ Խաչատուրովը չմասնակցեց այս խաղերին:

– Յուրա Մովսիսյանը 1 օրով հեռացված է եղել հավաքականից: Վարդան Մինասյանը ճիշտ է արել, որ խաղից առաջ չի խոսել այդ մասին: Պետք չէ, որ այդ մասին խոսվեր 2 կարեւոր խաղից առաջ: Յուրա Մովսիսյանը խախտել է կարգապահությունը: Բայց փառք ու պատիվ իրեն, խաղից հետո ընդունել է սխալը, բացատրել է պատճառները: Նա ասել է, որ այլեւս նման բան չի կրկնվի: Ժամանակին ես Էդգար Մանուչարյանին քննադատեցի եւ նրան շատերը պաշտպանում էին: Մալթայի հետ խաղին Էդգարի ոտքին 1 անգամ է գնդակ դիպչել: Ո՞ւր են Էդգարի պաշտպանները, ինչո՞ւ չեն հարցնում, թե սիրելի Էդգար, ի՞նչ ես անում:

Ինչու՞ է մարզադաշտը գոռում՝ Յուրա… Ինչու՞: Մեկ օր առաջ է եկել, բա որ մտներ՝ մկանը կտրեր: 

Ինչ վերաբերում է Արտյոմ Խաչատուրովին, ապա նրա ժամանակը կգա եւ նա կխաղա, իսկ այս պահին նա պատրաստ չէ:

– Ի՞նչ կասեք Վարազդատ Հարոյանի մասին:

– Նա ամբողջ խաղը բարձր մակարդակով անցկացրեց ՝ ընդամենը 1 սխալ թույլ տալով հանդիպման ընթացքում: Նրան կարելի է ամենաբարձր գնահատականը տալ: Տա՛ Աստված, որ նա շարունակի նույն ոգով: Բարձրից եկող բոլոր գնդակների ժամանակ՝ դօային պայքարքում հաղթող է դուրս եկել: Նա մեկ անգամ է պարտվել, այն էլ գետնի վրա պայքարում:

– Դուք ասացիք, որ վիրտուալ կյանքի հրաժարականի պահանջը սխալ է: Ո՞րն է Ձեզ համար հասարակական պահանջը:

– Ես ասացի, որ վիրտուալ կյանքից տեղափոխվենք իրական կյանք, քննարկենք: Միգուցե՝ ես սխալ եմ: Պատրաստ եմ ցանկացած ժամանակ քննարկել: Եթե նման դիրքորոշում ունեցողները շատ են, կարող ենք մարզադաշտում հանդիպել: Ոչ ոք ինձանից չի կարող պահանջել հրաժարական տալ: Ես չեմ պատկերացնում մի մարդու, ով ինձ ստիպի հրաժարական տալ: Այո, ես կարող եմ ինչ-ոչ պահի որոշել՝ հեռանալ: Ո՞վ է իմ չափ բան արել այս երկրի համար… Բոլորիդ խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել իմ աշխատանքը, տեսնել, թե ինչով եմ ես զբաղված: 

 

Աղբյուրը`  “Armsport.am” 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ