Դեղերը թանկացել են 3-4 տոկոս
Դեղորայքի թանկացումը եղել է առանձին խմբերի վրա և կազմել է 3-4%: “Հենարան” ակումբում այսպես մեկնաբանեց դեղերի թանկացման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
“Դեղերի թանկացման մասին շատ է խոսվում: Այն այնքան մեծ չէ քանակական իմաստով և պայմանավորված է եղել դոլարի կուրսի տատանումների և տրանսպորտային ծախսերի հետ”: Ս. Զաքարյանը նշեց, որ թանկացումները եղել են առանձին խմբերի վրա և ոչ ավել, քան 3-4%:
“Սեզոնային թանկացումներ են եղել, դեղորայքի մյուս խմբերն էլ էժանանում են: Մեծ թանկացումներ վերջին վեց ամսվա ընթացքում չի եղել, և բալանսը պահպանվել է”:
Անդրադառնալով տարբեր դեղատներում նույն դեղի տարբեր գներին` բանախոսը նշեց, որ դեղատունն է որոշում` ինչ գնով վաճառել դեղը: “Այդպիսի բան չկա, որ բոլոր դեղատները պայմանավորվեն և գին բարձրացնեն: Եթե թանկ է, գնորդը փնտրում է էժանը”:
Նրա խոսքով, տեղական դեղորայքը չի թանկացել. “Տեղական արտադրողը ձեր կողքին է և ավելի ուշադիր է իր արտադրանքի նկատմամբ: Վերջին 12 տարվա ընթացքում տեղական դեղորայքի վերաբերյալ խնդիր չի եղել”,- Զաքարյանը հավելեց, որ տեղական արտադրանքի 52%-ը արտահանվում է եւ որ տեղական դեղորայքը միանշանակ էժան է: