“Հայկական ժամանակից”` վարչապետի օֆշոր

“Ինձ համար սա զավեշտ է թվում: Տասը միջգերատեսչական հանձնաժողովներ աշխատանք են տանում: Համագործակցություն է կատարվում բազմաթիվ միջազգային կառույցների հետ, այդ թվում ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի հետ: Կապ պետք է պահպանվի կամ հեռախոսով, կամ ինտերնետով: Խորհուրդ կտայի մյուս գերատեսչությունների ծախսերը տեսնել: Այդ թվերը ծիծաղելի են:
Ադրբեջանական նավթի դեմ մենք ինչ պետք է համադրենք, պետք է աշխատենք մարդկանց հետ: Այս մոտեցումն ինձ համար անընդունելի է, և հարևան երկրների համեմատ սա չնչին գումարներ են”: Այսպես արձագանքեց այսօր “Հենարան” մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ՀԺ-ի հրապարակմանը:
Իսկ թերթը մասնավորապես գրել է. “Անիմաստ ու պորտաբույծ մարմնի վերածված այդ կառույցի(Ազգային անվտանգություն) միակ իմաստն այն է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Աերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անգնահատելի ծառայություն մատուցած Արթուր Բաղդասարյանը ունենա հնչեղ ու տպավորիչ անունով պաշտոն՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Մեկ մեկ էլ՝ Սերժ Սարգսյանն այդտեղ նիստ է հրավիրում ու դարակազմիկ ելույթներ ունենում: Վերջինը Ադրբեջանի մոտալուտ ֆիասկոյի և կաթիլային ոռոգման մասին հայտնի ելույթն էր: ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը տարեկան մոտ 40 հազար դոլարի հաշիվ է փակում հեռախոսակապի ծառայություններում: Իսկ այդ գումարը, բնականաբար, վճարվում է ՀՀ պետական բյուջեից՝ հարկատուների վճարած հարկերից:
Սա իհարկե հասկանալի է, բայց ինչո՞ւ պետք է հարկատուները վճարեն այդ հաճույքների համար”: Ներքաղաքական զարգացումներից. պատգամավորը նկատեց, որ քաղաքական զարգացումները կենտրոնացած են հիմնականում ԱԺ-ում:
“Քննարկվում են բյուջեն, վերահսկիչ պալատի գործունեության արդյունքները: Նորմալ եմ գնահատում տեղի ունեցող զարգացումները. ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանությունը ներկայացնի, թե ինչ է արել: Քննարկումները երկու մակարդակով էին ընթանում` տնտեսագիտական մոտեցում, և միաժամանակ քաղաքական քննարկումներ: Սա նորմալ գործընթաց է: Ընդդիմությունն իր դերի մեջ է, իշխանությունը` իր դերի մեջ”:
Իրանից գազ ներմուծելու վերաբերյալ Մ. Շահգելդյանը նկատեց, որ խնդիրն այն է, որ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ հնարավոր չէ Իրանից ավելի էժան գազ ներմուծել, իսկ Իրանի դեսպանը նշեց, որ պատրաստ են ավելի ցածր գնով գազ ապահովել Հայաստանին:
“Պետք է հասկանալ ինչպիսի իրավիճակ է: Եթե հնարավոր է ավելի էժան գազ ստանալ, ապա պետք է օգտվել այդ առիթից միանշանակ: Սակայն այս հարցը պետք չէ կապել Ռուսաստանի ստրատեգիական համագործակցության հետ”:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային գրանցումների վերաբերյալ պարոն Շահգելդյանն ասաց.
“Եթե իրապես հնարավոր է ցանկացած մարդու անունով օֆշոր գրանցել, ապա սա լուրջ խնդիր է, և պետք է օրենսդրական լուրջ փոփոխություններ կատարել: Այս փուլում այն Ազգային անվտանգության խնդիր չէ, իրավաբանները թող վերլուծեն հասկանան: Եթե վարչապետը հայտարարել է, որ հեշտ է այդպիսի գրանցում կատարել, ուրեմն այդ կարծիքին է”: