Հայտնի բլոգերի նկատմամբ քրեական գործի հարուցումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը
Հարց. Ադրբեջանական լրատվամիջոցներում՝ երկրի գլխավոր դատախազությանը հղումով, հայտնվեց Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի ձերբակալության մասին հաղորդագրություն։ Ձերբակալության պատճառ դարձավ Լեռնային Ղարաբաղ այցելությունը։ Ինչպե՞ս է գնահատում ԼՂՀ ԱԳՆ-ն տվյալ փաստը։
Պատասխան. Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի հարուցումը և ձերբակալումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։
Ադրբեջանը, որտեղ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ շինծու պատրվակներով իրականացվող ճնշումները և քաղաքական հետապնդումները վաղուց ի վեր ավանդույթ են դարձել, փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս։
Նման գործելաոճը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես ազատ տեղաշարժի և խոսքի ազատության իրավունքների ակնհայտ ոտնահարում է, այլև ահաբեկման քաղաքականություն, որին պետք է համարժեք գնահատական տրվի միջազգային հանրության կողմից։