Յուրի Վարդանյանը ստե՞լ է
Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ սպորտի և երիտասարդության հարցերի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահե Էլոյանը սեփական դիմումի համաձայն չէ ազատվել աշխատանքից: Ավելին, նա տեղյակ էլ չի եղել իր ազատման մասին:
՛՛Ինձ համար կապ չունի, թե որ նախարարության աշխատակից կամ որ կուսակցության ներկայացուցիչ է, քաղծառայողի իրավունքն է ոտնահարվել: Սա կարող է հանդիսանալ որպես արատովոր նախադեպ այդպիսի ինստիտուտի խարխլման համար՛՛:
Պատգամավորը նետեց. ՛՛Ո՞վ է թյուրիմացության մեջ գցել Հայաստանի կառավարությանը, որովհետև չի քննարկել այդ հարցը կառավարությունում՛՛:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը կառավարության խնդրեց որոշում ընդունել իր աշխատակազմի ղեկավարին աշխատանքից ազատել: Նախարարն ասաց, որ Էլոյանն ինքն է դիմում գրել, և շարունակելու է աշխատել նախարարությունում:
Նշենք նաև, որ մինչ Յուրի Վարդանյանի նախարար նշանակվելը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանն էր: