ՍԴ-ն հետաձգեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը
Այսօր Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել նախագահի նախկին թեկնածու, ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխոյանը պատճառաբանելով լրացուցիչ փաստաթղթերի, նաև միջազգային փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը՝ դիմումի քննությունը հետաձգեց երկու շաբաթով:
Առաջարկվեց նիստը տեղափոխել հուլիսի 16-ին` ժամը 10:00-ին:
Նշենք, որ գործում պատասխանող կողմը Ազգային ժողովն է՝ որպես օրենսգիրքն ընդունած մարմին:
Դիմումի հիման վրա քննվելու է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է թեկնածուների և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների /դաշինքների կողմից ընտրական շտաբների ձևավորմանը և դրանց վրա ցուցանակների տեղադրմանը:
Իսկ ՀՀ ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ դաշինքների զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման կարգին: