«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահն այցելեց Գյումրիի «Ժպիտ» մանկապարտեզ
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը կից գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանն այցելեց Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզ՝ վերանորոգման աշխատանքներից հետո ծանոթանալու նոր պայմաններին:
Տիկին Նալբանդյանը ներկա գտնվեց երեխաների մասնակցությամբ միջոցառման, Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և դիվանագիտական ասոցիացիայի անդամների կողմից նվերներ հանձնեց մանկապարտեզի սաներին:
Նույն օրը «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանին ընդունեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ողջունելով Նատալիա Նալբանդյանին՝ Սամվել Բալասանյանը երախտագիտություն հայտնեց Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգման գործում դիվանագիտական ասոցիացիայի ջանքերի համար:
Տիկին Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական ասոցիացիան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Գյումրիում առկա խնդիրները և փորձելու է հնարավորությունների շրջանակներում աջակից լինել դրանց լուծմանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Գյումրիում իրականացվող ծրագրերի շուրջ:
ՏԵՂԵԿԱՆՔ. Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզում վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2016թ. ամռանը «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախաձեռնությամբ, կանադահայ բարերար Պերճ Սվազլեանի ֆինանսավորմամբ և Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի աջակցությամբ: