Սա «բեսպրեդելի» գագաթնակետն է. խմբագիրը զայրացած է
«Երբ մարդը հունից դուրս է գալիս ու ձեռքերին ազատություն տալիս, կարող ենք բացատրել էմոցիաներով, աֆեկտի մեջ հայտնվելով: Բայց հարցազրույցն ավարտել է, հեռացել, նորից եկել կանչել է Վահեին: Կողքը կանգնած գործընկերներին ասել է՝ ոչինչ չկա, մենք ընդամենը զրուցելու ենք: Բավականին ժամանակ է անցել, ու այդ մարդը խորամանկորեն ծրագրված, խորամանկորեն, նենգորեն լրագրողին իջեցրել է մի վայր, որտեղ չկան տեսախցիկներ»,-այսօր՝ դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով լրագրողի և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Օհանյանի խոսքով՝ պատգամավորը խփել է այն ուժգնությամբ, որ Վահեն ընկել է գետնին, այնուհետև սեռական բնույթի հայհոյանքներ է տվել:
Խմբագիրը կարևորում է այն հանգամանքը, որ ամեն բան արձանագրվել է:
«Սա լրագրողներին զսպելու, զսպաշապիկ հագցնելու աննախադեպ փորձ է: Փաստորեն պատգամավորներն են որոշում՝ ով է լրագրող, ով չէ: Սա «բեսպրեդելի» գագաթնակետն է: Բառեր չեմ գտնում ասելու, ո՞ւր ենք հասնելու»,-ասել է Արմինե Օհանյանը:
Նա ընդգծում է, որ Վահե Մակարյանը պատգամավորին մինչև վերջին պահը պարոն Հակոբյանով է դիմել:
NewsBook.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գոհար Վեզիրյանն էլ նշել է , որ մի նրբերանգի վրա պետք է ուշադրություն դարձնել. «Մասնավորապես մեր՝ լրագրողական համայնքի արձագանքը տեղի ունեցածին շատ չեզոք էր, վախվորած: Անձնական, սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ լռության քող ստեղծվեց»,-ընդգծել է Գոհար Վեզիրյանը: