Հայ պատգամավորները ամփոփեցին ռուսաստանյան այցը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/asulis1_1370442864.jpg)
Հունիսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Կարեն Բոթոյանը մանրամասներ հաղորդեցին Հայաստանի խորհդարանական պատվիրակության մասնակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում կայացած նիստերի մասին:
Մայիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի Պրոխորովկա քաղաքավանի պատմամշակութային կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ի և ՌԴ ԴԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 22-րդ նիստը, որին մասնակցել է հայկական խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Հերմինե Նաղդալյանի տեղեկացմամբ` նիստի օրակարգում, որը սահմանվել էր դեռևս նախորդ նիստի ընթացքում, քննարկվել է Եվրասիական ինտեգրացիայի գործընթացներում Հայաստանի մասնակցության հեռանկարներին առնչվող հարցը, որի վերաբերյալ ելույթ են ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենը: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ` ելույթներում ներկայացվել է Եվրասիական միության աշխատանքներում առկա իրավիճակը:
Նիստի օրակարգի 2-րդ հարցը վերաբերել է տնտեսական հարաբերությունների խորացմանը, մասնավորապես փոքր եվ միջին բիզնեսի ներկայացուցիչների միջև համագործակցությանը, ինչը կարևորելով՝ հանձնաժողովը որոշում է կայացրել 2014-ի մայիսյան նիստի ժամանակ քննարկել այդ համագործակցության առկա վիճակը, պայմաններն ու խոչընդոտող հանգամանքները: ԱԺ փոխնախագահը նշեց, որ այդ նպատակով հայկական կողմը ստեղծել է աշխատանքային խումբ:
Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 23-րդ նիստի օրակարգը նվիրված կլինի Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտային խնդիրների լուծմանը:ԱԺ պատգամավոր, պատվիրակության անդամ Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ՝ իրականացնելու համատեղ կրթական, սպորտային ու մշակույթային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն երկու երկրներում այդ ոլորտների զարգացմանը: Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահի առաջին տեղակալի, ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի և կոմիտեի այլ անդամների հետ, և քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Պատվիրակության անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին: