13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն

Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով  հունիսի 4-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն : Պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, պաշտոնատար այլ անձինք :

Առաջին հանդիպումը Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ էր:
Լատվիայի Սաեյմայի նախագահը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին  իր հրավերը ընդունելու եւ Լատվիա այցելելու համար: Տիկին Աբոլտինան բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված քաղաքական հարաբերությունները:

Նա անհրաժեշտ համարեց  միջխորհրդարանական համագործակցության հետագա  զարգացումը եւ խորացումը` համոզմունք հայտնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը:  Լատվիայի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ խորհրդարանների միջեւ գործակցության խորացմանը նպաստում են  բարեկամության  խմբերը եւ ուրախությամբ տեղեկացրեց, որ Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը ամենամեծաթիվներից է. այնտեղ ընդգրկված են 34 պատգամավորներ:  

Նա բարձր գնահատեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեմպերը եւ  պատրաստակամություն հայտնեց փոխանցելու եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձը: Սոլվիտա Աբոլտինան կարեւոր համարեց նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացումը` նշելով, որ այս ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան:  Սաեյմայի նախագահը կարեւորեց համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում, փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ երկու  երկրների  բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա:  Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին շրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել, ինչը միանշանակ վկայում է հարաբերությունները Էլ ավելի զարգացնելու երկուստեք ցանկությունը: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` միջպետական հարաբերությունները խորացնելու գործում  կարևոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:  

Նա նշեց, որ  Ազգային ժողովում  գործում է  Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամական խումբը, որի արդյունավետ  աշխատանքը խթանում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշեց,որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Եվրամիության հետ համագործակցության խորացմանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական հագեցած են:

Խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսի գագաթաժողովում նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: ՙՀայաստանը մեծ կարևորություն է տալիս Արևելյան գործընկերությանը և այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, որը կարևոր հանգրվան պետք է հանդիսանա ԵՄ-Արևելյան գործընկերներ փոխհարաբերությունների հետագա խորացման համար:

Մայիսի 16-ից Հայաստանը ստանձնեց  նախագահությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում: Սա  մեծ պատասխանատվություն է և, միաժամանակ, հնարավորություն մեր սեփական ներդրումն ունենալ կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Այսօր, երբ Լատվիան  արդեն իսկ սկսել է նախապատրաստվել 2015թ. ԵՄ նախագահության ստանձնմանը, ուզում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը և ցանկությունը ակտիվորեն ներգրավվելու Արևելյան գործընկերության օրակարգի ձևավորման գործընթացում՚:

Առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով կողմերը կարեւորեցին հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը եւ Ռիգայում հունիսի վերջին կայանալիք հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Զրուցակիցները հանոզմունք հայտնեցին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ հույս հայտնեց, որ Լատվիան, ինչպես աշխարհի երկու տասնյակից ավել երկրներ, կճանաչի և կդատապարտի ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության դեմ իրագործված այդ ոճրագործությունը:

Հովիկ Աբրահամյանը տիկին Աբոլտոնիային պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան.հրավերը սիրով ընդունվեց:
Հանդիպումից  հետո Հովիկ Աբրահամյանը եւ Սոլվիտա Աբոլտինան լրատվամիջոցների համար  հանդես եկան հայտարարությամբ:

ԱԺ նախագահը Սաեյմայի նախագահի ուղեկցությամբ շրջայց կատարեց Լատվիայի խորհրդարանի շենքում:
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները այցելեցին  Ազատության հուշահամալիր,  որը հանդիսանում է Լատվիայի անկախության խորհրդանիշը:  Հուշակոթողի մոտ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ տեղի ունեցավ  հանդիսավոր արարողություն, հնչեցին երկու պետությունների օրհներգերը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի հետ: ԱԺ նախագահը շնորհավորեց  Ռիգայի քաղաքապետին վերընտրվելու կապակցությամբ եւ դրական գնահատեց Երեւանի եւ Ռիգայի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` հայ-լատվիական հարաբերությունների զարգացման եւ խորացման համատեքստում: Նա գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի և Լատվիայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման միտումներ են արձանագրվում :

Ռիգայի քաղաքապետը ներկայացրեց  քաղաքի կառավարման  համակարգը:  Նա տեղեկացրեց, որ 2014թ. Ռիգան հռչակվել է  Եվրոպայի մշակութային մայրաքաղաք  եւ այդ կապակցությամբ ակնկալում  է  Երեւանի քաղաքապետարանի մասնակցությունը  նախատեսվող տոնական միջոցառումներին։  

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ