Քաղաքական կամք է պետք, իսկ մեզ մոտ ամեն ինչի հիմքում շահն է . ճարտարապետ
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադռանալով Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծին, նշեց, որ մրցույթի վավերապայմաններում կան թերություններ: “Գրված է հիմնավոր առաջարկներ ներկայացնել. Դա վտանգավոր դարձվածք է”,-ասաց ճարտարապետը` նշելով, որ իրենց դժգոհությունը առաջինը դրա մեջ է:
Հրապարակի վերակաառուցման անհրաժեշտությունը, այս պահին հրատապ չէ: “Կան ճարատարապետական շատ կառույցներ, որոնք ավելի շատ կարիք ունեն հիմնանորոգման”,-ասաց Մ. Մինասյանը:
Մրցույթ հայտարարելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել կարիքը: Ճարտարապետի խոսքով`չի կարելի շտապել եւ սխալները ավելացնել: “Կան պայմաններ, Հանրապետության հրապարակում պիտի նոր շինություններ չլինեն, սիլուետներ, եւ վերջապես հուշարձան է, մշակույթի նախարարության թույլտվությունն է պետք”,-ասաց :
Հրապարակի շենքերի գործառույթները փոխելով` ծավալատարածական տեսքը չի փոխվի: “Ասենք եթե փոստի շենքում ուրիշ բան տեղադրվի, ապա արտաքին տեսքը չի փոխվի: Ինչ վերաբերում է Պատկերասրահին, այսօր այդ շենքն էլ չի խանգարում”,-ասաց ճարտարապետը` ավելացնելով, որ պետք չի հետագա սերունդների գործն այսօր անել:
Հրապարակում ավտոկայանատեղի կառուցելու նախագիծն էլ պիտի քննարկվի: “Շերտերը պիտի ուսումնասիրվի, տատանումները, այստեղ էլ պետք չէ շտապել” : Մինասյանը դիմում է պաշտոնյաներին` չինովնիկները պետք է հասկանան, որ իրենք ոչ թե հրամայելու համար են, այլ հասարակությանը լսելու: Ճարտարապետը նշում է Վիեննայի օրինակը. երբ այստեղ որեւէ հրապարակում որեւէ շինության անգամ մեկ հարկ է ավելացվում, մակետ է կառուցվում, դրվում հանրային քննարկման, նոր միայն որոշում է կայացվում:
“Քաղաքական կամք է պետք, հասկանում եք, իսկ մեզ մոտ ամեն ինչի հիմքում շահն է”,-եզրափակեց Մինասյանը: