Էրդողանը սպառնացել է ԵԽ-ին
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի սառեցման վերաբերյալ Եվրախորհրդարանում (ԵԽ) ընդունված բանաձևին: CNN Türk-ի փոխանցմամբ՝ Էրդողանը սպառնացել է, որ եթե ԵԽ-ն առաջիկայում ևս նույն ոգով շարունակի, ապա Թուրքիան փախստականների առաջ կբացի դեպի Եվրոպա տանող դարպասները:
«Դուք երբեք մարդկությանը արդար վերաբերմունք չեք ցուցաբերել: 3 մլն. փախստականներին կերակրողը մենք ենք: Դուք Ձեր խոստումը չկատարեցիք: Երբ Քափըքուլեում 50.000 փախստական էր հավաքվել, դուք սարսափած բացականչեցիք՝ «Եթե Թուրքիան սահմանները բացի, ինչ ենք անելու»: Ուրեմն տեսեք, եթե այսպես շարունակեք, Թուրքիան կբացի այդ սահմանները: Ձեր այդ չոր սպառնալիքներից ոչ ես եմ որևէ բան հասկանում, ոչ իմ ժողովուրդը»,- հավելել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Եվրամիությունն արդեն 53 տարի շարունակ (Թուրքիան Եվրոպայի տնտսական համայնքի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել 1963թ.- խմբ.) իր դռները չի բացում Թուրքիայի առաջ: Սակայն դրանից Թուրքիան բոլորովին էլ չի տուժել, չի կործանվել: Ընդհակառակը, վերջին 14 տարում (ճիշտ այդքան ժամանակ երկրում իշխում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը /ԱԶԿ- AKP/- խմբ.) Թուրքիան, ըստ Էրդողանի, բավական մեծ առաջընթաց է գրանցել: Եվ այս պահին իրականում Արևմուտքն է, որ Թուրքիայի կարիքն ունի:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը կազմավորվել է 1957թ.՝ «Եվրպայի տնտեսական համայնք» անվամբ: Իսկ 1987թ. Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել: Սակայն 39 տարավա ընթացքում այս երկիրը չի կարողացել համապատասխանել ԵՄ -ի առաջադրած չափանիշներին:
Իսկ հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ծայր առած համատաարծ ձերբակալությունները, բռնությունները և օրինախախտումները պատճառ դարձան, որպեսզի Եվրախորհրդարանում ներկայացվի և ընդունվի Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունների կասեցումը նախատեսող բանաձև: Նոյեմբերի 24-ին քվեարկության դրված բանաձևը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց: