Մեկնարկել է ՀՀԿ 16-րդ համագումարը
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկել է ՀՀԿ 16-րդ համագումարը:
ՀՀԿ համագումարն սկսվեց ՀՀ օրհներգի հնչեցմամբ, իսկ ՊՆ թիվ 60925 զորամասի ավագ գնդերեց տեր Արիս քահանա Խաչատրյանը տերունական աղոթքը կարդաց։ ՀՀԿ հերթական` 16-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու համար ընտրվել է 1790 պատվիրակ: Այս մասին համագումարի մեկնարկին հայտարարեց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այդ պահին գրանցվել է 1742 պատվիրակ: Այն ընտրված պատվիրակների թվի 2/3-ից ավելին է:
Համագումարին հրավիրված են մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։ Հրավիրված է հայաստանյան 13 կուսակցություն, ինչպես նաեւ ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:
Հայաստանյան կուսակցություններից ՀՀԿ համագումարին կմասնակցեն «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցություն, «Մայր Հայրենիք» կուսակցություն, ՀՅԴ, Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն, «Ազգային միաբանություն» կուսակցություն, «Հզոր Հայրենիք» կուսակցություն, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցություն, «Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցություն, «Միացյալ ազատական ազգային» կուսակցություն, «Ռեֆորմիստներ» կուսակցություն:
ՀՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդես կգա հաշվետու ելույթով, կընտրվի կուսակցության նախագահ եւ գործադիր մարմին, փոփոխություններ կլինեն ՀՀԿ ծրագրում եւ կանոնադրությունում:
Սպասվում է, որ լուրջ փոփոխություններ կլինեն կուսակցության ղեկավար կազմում: Մասնավորապես, այնտեղ կընդգրկվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հավանական է, որ Կարեն Կարապետյանը կդառնա կուսակցության փոխնախագահ:
Ընդգծեցք՝ ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարը վերջինն է 2017-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ, հետեւաբար, ՀՀԿ-ն հենց այս համագումարում կճշգրտի այն մեկնարակային պայմանները, որոնցով կսկսի նախընտրական շրջանը: