Փայլանը ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել մեջլիս
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին ուղղված գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս, որում հետաքրքրվել է, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում կանխելու համար փոքրամասնություններին ուղղված ատելության դրսևորումները:
Փայլանը հարցապնդման մեջ նախ հիշեցրել է վերջին շրջանում տեղի ունեցած դրսևորումները, որոնցից ամենաքննարկվածը Ստամբուլում գործող «Ակոս» հայկական թերթի խմբագրատան առաջ ազգայնականների կողմից սև «ծաղկեպսակներ» տեղադրելու դեպքն էր:
Հայ պատգամավորը շեշտել է, որ իրենց ֆեյսբուքյան էջում նշյալ գործողության լուսանկարները զետեղած և «Մի գիշեր անսպասելի կերպով կգանք» գրությունը թողած «Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթի և «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարի նկատմամբ դատական գործ էր հարուցվել, սակայն վերջիններս արդարացվել են դատարանի կողմից:
Փայլանն շեշտել է նաև վերջին մեկ տարվա ընթացքում 3 անգամ հայկական դպրոցների պատերին ռասիստական բնույթի գրություններ են արվել: Հայ օրենսդիրը չի մոռացել նաև այս տարի Հաթայ նահանգում հրեական գերազմանատան ու Ադըյամանում ասորական գերեզմանատան պղծումն ու ավերումը:
Վերը թվարկածից հետո Փայլանը Թուրքիայի կառավարության ղեկավարին ուղղել է հետևյալ 3 հարցերը.
1. Ձեր կառավարությունը աշխատանք տանու՞մ է փոքրամասնությունների նկատմամբ ատելության հողի վրա կատարվող ու անպատիժ մնացող հանցագործությունները կանխելու ուղղությամբ:
2. Արդյո՞ք կառավարությունը վտանգի տակ գտնվող փոքրամասնությունների հիմնարկությունները կամ շինությունները պաշտպանելու նպատակով հատուկ միջոցներ է ձեռք առնում:
3. Ազգային հետախուզական ծառայությունը փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրդապատճառներով կատարված հանցագործությունների վերաբերյալ որևէ հետաքննություն իրականացնու՞մ է: