Ո՞վ է վերահսկելու անօրինական երթուղիները. վթարի հետքերով

Henaran.am-ին հաջողվել է պարզել Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարեւանությամբ տեղի ունեցած ավտովթարի մանրամասներ: Հիշեցնենք, որ բախվել էին “Mercedes Sprinter” մակնիշի՝ C 678 XK – 34 համարանիշի եւ “ВАЗ 21101” մակնիշի 24 ՏՏ 112 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 9 վիրավոր կա, որից մեկը հիվանդանոցում մահացել է:
Պարզվում է, որ “Mercedes Sprinter”-ը ուղեւորներ էր տեղափոխում Վոլգոգրադ` Հյուսիսային ավտոկայանից: Այդ ավտոկայանից միջհանրապետական ուղերթների հնարավորություն ունեն միայն “Տրանս կոմֆորտ”, “Քինգ դե լյուքս” եւ “Աշտրանս” ընկերությունները:
Այդ ավտոկայանից գնացող երթուղիները պետք է վերահսկի տրանսպորտի եւ կապի նախարարության տեսչությունը: Փաստորեն, անօրինական երթուղին չեն կասեցրել, ինչի արդյունքն էլ վթարն էր: Ի դեպ, նախարարության կողմից թույլտվություն ունեցող ընկերությունները նաեւ ապահովագրված են:
“Ի՞նչ թույլտվություն, հերթով քշում ենք, ո՞ւմ ենք վնասում, ճանապարհին էլ դրսում կանգնեցնում են մի բան տալիս ենք ու շարունակում: Մարդկանց օգուտ ենք տալիս”,-ասաց “գրդոն” անող վարորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:
Թույլտվություն ստացած ընկերության վարորդներ էլ զարմացած Henaran.am-ի հարցից: “Ինչ օգուտ են տալիս, մենք ավելի էժան ենք քշում, քան իրենք, մերը տոմս ա”,-նշեցին վարորդներից մի քանիսը:
Պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում նշյալ խնդրի վրա:
Henaran.am-ը կփորձի երկուշաբթի ստանալ կապի եւ տրանսպորտի նախարարության պարզաբանումը:
Լուսանկարը Shamshyan.com-ի