Մեկնարկել են միասնական քննությունները
Այսօր հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները. այդ նպատակով Երեւանում եւ մարզերում ձեւավորվել են 36 քննական կենտրոններ: Առաջին քննությունն անցկացվել է “Ռուսաց լեզու” առարկայից: Այդ նպատակով Երեւանում տեղակայված քննական կենտրոն էր այցելել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների եւ նրանց ծնողների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել բոլոր դիմորդներին, իսկ ծնողներին հորդորել պահպանել հանգստություն:
Արմեն Աշոտյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են թեստերի որակին եւ դիմորդների քանակին: Անդրադառնալով թեստերին` նախարարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կազմվել են բացառապես հանրակրթական ծրագրին համապատասխան եւ հույս հայտնել, որ այս տարի եւս քննությունները կանցնեն նույնքան խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում, որքան նախորդ տարի: Խոսելով “Ռուսաց լեզու” առարկայի քննությունն օտար լեզուների ցանկում ներառելու մասին` Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ռուսաց լեզուն հետաքրքրություն է առաջացրել դիմորդների շրջանում` այսպիսով թույլ տալով տարբեր ֆակուլտետների դիմորդներին որպես օտար լեզու հանձնել նաեւ ռուսերենը: Նախարարն ընդգծել է նաեւ, որ “Ռուսաց լեզու” առարկայի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը նաեւ Ռուսաստանի Դաշնության ռազմական բուհերի դիմորդների շրջանում, քանի որ ՀՀ եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ կնքված միջպետական համաձայնագրով Հայաստանին հատկացվել են որոշակի տեղեր: Անդրադառնալով դիմորդների թվին` նախարարն ընդգծել է, որ այս տարի նկատվել է դիմորդների թվի որոշակի նվազում, որը Արմեն Աշոտյանը բացատրել է երկու հանգամանքով` նախ, որ անցյալ տարվանից 50 տոկոսով ավելացել են նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին տրամադրվող անվճար տեղերը եւ վերացել ընդունելության քննությունները նշված ուսհաստատություններում: “Երկար տարիներ խոսվում է, որ աշխատաշուկայում առկա է պահանջարկ` միջին մասնագիտական կրթությամբ աշխատողների, մինչդեռ զուգահեռ կա գերհագեցած բարձրագույն կրթությամբ մասնագետների շուկա: Այսինքն, աստիճանաբար կատարվում է մարդկային հոսքերի վերաբաշխում, եւ պետության քաղաքականությունը` խթանել միջին մասնագիտական կրթությունը, իր արդյունքն արդեն տալիս է: Եվ երկրորդ, այս տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանն իրականացնում է նաեւ բակալավրիական կրթություն, եւ դիմորդների մի զգալի մաս նախապատվությունը տվել է վերոնշյալ բուհին: Գովելի է, որ բուհական համակարգում մրցակցությունը նոր ձեւեր է ստանում, եւ պետությունն իրականում շահագրգիռ է` մրցակցության շնորհիվ կրթության որակի բարելավմանը”,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 4-ին, “Հայոց լեզու եւ հայ գրականություն” առարկայից: