27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինը վաճառեց. 168 Ժամ

Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա` ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում: Դրան դեմ արտահայտվողները նշում են, որ դա Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնող հերթական համաձայնագիրն է դառնալու, որ պատերազմական իրավիճակում միացյալ զորամիավորման հրամանատարությունն անցնելու է Ռուսաստանին:

Բերվում են բազմաթիվ այլ փաստարկներ, որոնք բոլորը նույնի մասին են Հայաստանը Ռուսաստանին է հանձնում ինքնիշխանության փշրանքներից հերթականը: Մյուս կողմից սակայն, այս և նման համաձայնագրերը հայ-ռուսական հարաբերությունների օբյեկտիվ արտացոլումն են: Համաձայնագրերը կամ այլ փաստաթուղթն ընդամենը ֆորմալացնում են այն, ինչը կազմում է հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը: Իսկ բովանդակությունն այդ, լայն իմաստով, հանգում է նրան, որ Հայաստանում գործնականում ամեն ինչն ու ամենայնն է միացյալ` Ռուսաստանի հետ, բնականաբար:

Կա՞ արդյոք Հայաստանում պետական ու հանրային կառավարման որևէ ինստիտուտ, որևէ գերատեսչություն կամ որևէ այլ միավոր, որտեղ Ռուսաստանը չունի կամ ցանկության ու անհրաժեշտության դեպքում չի ունենա «վերահսկիչ փաթեթ»: Պատասխանը միանշանակ բացասական է: Հայաստանի քաղաքական համակարգում ներկայացված ուժերի մեծ մասն ու պետական կառավարման համակարգը գործնականում ամբողջությամբ, ռուսական են: Պարզապես դա ամենօրյա ռեժիմում չի զգացվում, սակայն ցանկացած պահի, երբ պահանջի Ռուսաստանի շահը, Հայաստանի ցանկացած կառույց սկսած ԱԱԾ-ից մինչև Արտակարգ իրավիճակների նախարարություն ու Ոստիկանություն, հնա- զանդորեն կկատարի այն, ինչ պետք է Ռուսաստանին:

Պետական կառավարման համակարգում ռուսականության առաջատարը, իհարկե, Արտգործնախարարությունն է, որը Հայաստանի շահով առաջնորդվում է միայն այն դեպքում, երբ դա չի հակասում Ռուսաստանի շահին: Իսկ քանի որ այդպիսի դեպքերը եզակի են, Արտգործնախարարությունը գործնականում վերածվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնաճյուղի կամ հայ-ռուսական դիվանագիտական «միացյալ զորամիավորման»:

Նույն իրավիճակը Զինված ուժերում է կրկին այնպիսի բացառություններով, որոնք ընդամենը հաստատում են ռուսականության օրինաչափությունը: Ավելին բանակի ռուսականությունը ոչ միայն չի թաքցվում, այլ անգամ ներկայացվում է` որպես առավելություն: Հայաստանը, մեծ հաշվով, վերածվել է Ռուսաստանի հետ համատեղ միավորման, որին ինքնասփոփանքով անվանում ենք պետություն: Դա տեղի է ունեցել տարիների ընթացքում, հետևողականորեն, նշույլ առ նշույլ Հայաստանի ինքնիշխանության հանձնման կամ բռնազավթման միջոցով:

Տեղի է ունեցել դա, որովհետև Հայաստանի բոլոր իշխանությունների համար Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր է եղել ու է իշխանության «հրամանատարության» պահպանումը, ինչի դիմաց նրանք զիջել են անգամ ազգային անվտանգության համար կենսական կառույցներում «հրամանատարությունն» ամենատարբեր պայմանագրերով ու համաձայնագրով: Առջևում ընտրություններ են, և կրկին ակտուալ է տեղապահության հրամանատարության հարցը, հրամանատարությունը հերթական անգամ Պուտինից գնելու խնդիրը, ինչի դիմաց վճարվում է ինքնիշխանության հերթական կտորով: Այս անգամ բանակային մի կորպուսի տեսքով: Հասարակության համար մի ամբողջ կորպուսի, իշխանության համար` ընդամենը մի կորպուսի:

Օրվա մյուս հրպարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ