26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանդիպում խորհրդարանում

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի հետ:

Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի համար Եվրոպական պահպանողականների կուսակցությունը կարեւոր գործընկեր է՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ում պարոն Լիդլ-Գրեյնջերի պաշտոնավարումից ի վեր համագործակցությունը ԵԽԽՎ-ում պահպանողականների խմբի հետ դարձել է ավելի արդյունավետ եւ ընդգրկուն: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը երախտիքի խոսք է հայտնել Յան Լիդլ-Գրեյնջերին եւ խմբի անդամներին՝ Ռոբերտ Վոլտերի «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիսա Մարկովիչի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցների քվեարկության ժամանակ աջակցության համար:

Պատվիրակության ղեկավարը մանրամասն ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներին, դրանով պայմանավորված օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին: Նա ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվել են Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ, ինչի արդյունքում քննարկվել եւ լուծում են ստացել գրեթե բոլոր վիճահարույց հարցերը:

«Մենք հստակ քաղաքական կամք ենք ցուցաբերում, որպեսզի 2017 թվականին իրականացնենք օրինական եւ հանրության վստահությունը վայելող խորհրդարանական ընտրություններ»,-ընդգծել է տիկին Նաղդալյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի՝ մոնիթորինգային ընթացակարգից հետմոնիթորինգային ընթացակարգի անցման հնարավորությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների գործընթացում լուրջ առաջընթաց է գրանցել:

Հերմինե Նաղդալյանը խոսել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից՝ նշելով, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, դրդապատճառները, կարգավորման ընթացքը: Նա հավելել է, որ մեր երկրի համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերը կարող են հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:

Նաիրա Զոհրաբյանը եւս անդրադարձել է ընտրական գործընթացներին՝ արդար ընտրությունների անցկացման հարցում կարեւորելով իշխանությունների քաղաքական կամքը:

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարն իր գոհունակությունն է արտահայտել Հայաստանում հետեւողականորեն շարունակվող բարեփոխումների վերաբերյալ եւ ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է կոնֆլիկտի կարգավորման համար մանդատ ունեցող միակ մարմինը եւ պետք է բոլոր պայմաններն ունենա իր աշխատանքը կատարելու համար: Պահպանողականները եւս իրենց հնարավորությունների սահմաններում շարունակելու են օժանդակել ՄԽ շրջանակներում կոնֆլիկտի կարգավորման գործընթացին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ