Ի՞նչ է նշանակում` Ծառուկյանը իշխանության հետ է /վիդեո/
Henaran.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, ՀԱԿ-ը շարունակում է համագործակցել ԲՀԿ-ի հետ` հաշվի առնելով այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միակ ոչ իշխանական ուժի ներկայացուցիչն էր, որ Սարդարապատում կանգնած էր իշխանության կողքին:
”Ի՞նչ է նշանակում` Ծառուկյանը իշխանության հետ է,-արձագանքեց Զուրաբյանը՝ հավելելով, -ինձ էլ էին հրավիրել նույն տրիբունա, բայց ես չգնացի”:
Ինքը չի գնացել, սակայն Ծառուկյանը գնացել է, դա ինչ-որ բան նշանակում է:
”Հետո ի՞նչ, դրանով ինչ որ բա՞ն է որոշվում: Ձեր ամենամեծ սխալն այն է, որ սիմվոլիկ ներկայությունների մեջ եք փնտրում հարցերի պատասխանը”: Զուրաբյանը լրագրողներին խորհուրդ տվեց որևէ քաղաքական ուժի մասին միշտ դատել իր քաղաքական քայլերով և գործողություններով:
”Դուք ավելի լավ է վերլուծեք կոնկրետ գործողությունները և քայլերը, դա շատ մակերեսային մոտեցում է”: Ըստ Զուրաբյանի` դա նույնիսկ թեթևսոլիկ մոտեցում է:
Հարցրինք՝ ինքն ինչու չէր գնացել Սարդարապատ:
”Մենք այս իշխանություններին որպես լեգիտիմ իշխանություն չենք ընդունում: Դուք մեր գնահատականներից մի բխեցրեք ուրիշների գնահատակնները, իրենք իրենց մոտեցումներն ունեն, մենք` մերը”:
Հարցին, թե այսինքն կարծում է, որ եթե գնար կլեգիտիմացներ իշխանությանն, ասաց. ”Ես համարում եմ, որ շատ ճիշտ բան եմ արել, որ չեմ գնացել կանգնել իշխանության կողքը, ուրիշը համարում է, որ շատ ճիշտ է արել, որ գնացել է: Ի վերջո, մենք առճակատման մեջ ենք այս իշխանության հետ, այլ քաղաքական ուժերը կարող են այլ առճակատման մեջ լինել: Ինչի եք սա դարձնում մեծ խոսակցությունների թեմա”:
Մանրամասները` տեսանյութում: