Հանդիպեցին Տարոն Մարգարյանին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/001_1370005946.jpg)
Թափառող կենդանիների ուղղությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք Երեւանում են բրիտանական “Փրո Փոուզ” կենդանիների բարեկեցության բարեգործականի, “Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն” միջազգային կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ընտանի կենդանիների ստերջացման թեմայով մայիսի 25-ից մինչեւ հունիսի 4–ը Երեւանում անցկացվող 10-օրյա դասընթացների կազմակերպման նպատակով: Ողջունելով հյուրերին Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը կարեւորում է թափառող կենդանիների վնասազերծման համար համալիր ու ժամանակակից ծրագրերի իրականացումը մայրաքաղաքում. “Քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է լսելու ցանկացած առաջարկություն ու իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացման հարցում: Խնդիրն իսկապես արդիական է Երեւանի համար եւ մենք կարեւորում ենք այս հարցում միջազգային կառույցների հետ համագործակցությունը”,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Կենդանաբույժ վիրաբույժների թագավորական դպրոցի անդամ Մել Կավանան առանձնակի կարեւորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը Երեւանում ընթացող դասընթացների կազմակերպման հարցում եւ համագործակցության պատրաստակամություն է հայտնել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Բրիտանական “Փրո Փոուզ” կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը հյուրերի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ կենդանիների պաշտպանությանն ուղղված միջազգային ծրագրերին գործուն աջակցություն եւ պատշաճ ուշադրություն հատկացնելու համար, ընդգծել է, որ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի միջազգային խոշորագույն կենդանապաշտպան կազմակեպությունների փորձն ուսումնասիրելու եւ Երեւանում այն կիրառելու հարցում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարեւորելով թափառող կենդանիների խնդրի կարգավորումը, հույս է հայտնել, որ օտարերկրյա մասնագետների փորձը շատ օգտակար կլինի Երեւանի համար եւ, որ այս հարցում միջազգային համագործակցությունը գործնական ընթացք կստանա:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն