Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է
Ամբողջ աշխարհում հանրային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը:
1928 թվականին Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնագործումը փրկեց միլիոնավոր կյանքեր: Սակայն մեր օրերում շատ հակաբիոտիկներ դարձել են անարդյունավետ, որի հիմնական պատճառը դրանց անհիմն ու ոչ նպատային օգտագործումն է` ինչպես բնակչության շրջանում, այնպես էլ բժշկական կազմակերպություններում:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացմանը նպաստող կարևոր գործոն է նաև հակաբիոտիկների օգտագործումը գյուղատնտեսության ոլորտում: Աշխարհում արտադրվող հակաբիոտիկների 50% օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` ոչ միայն բուժման, այլև աճը խթանելու համար:
Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանն ու պահպանմանը նպաստում են հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով նշանակումը կամ բուժման ընդհատումը:
Դեռևս 1970-ական թվականներից այս խնդիրը բարձրաձայնվել է, և մասնավորապես եվրոպական երկրներում կատարվել են առաջին քայլերը, իսկ միջոցառումները սկսել են իրականցվել 1984 թվականներից:
2001 թվականին մշակվել է հակամանրէային դեղերի կայունության վերաբերյալ ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը, որը առաջարկում է մի շարք միջոցառումներ: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը` 2015 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային ասամբլեան հավանության է արժանացրել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագիրը: ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես, կարևորելով հարցը, մշակել է ՀՄԴԿ-ի կանխարգելման ռազմավարություն, որը 2015 թվականին հավանության է արժանացել ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ:
Այսպիսով, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀՄԴԿ) վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով արդեն 2-րդ անգամ մեր երկիրը միանում է Հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման իրազեկմանն ուղղված համաշխարհային շաբաթին:
«Հակամանրէային դեղեր. Կիրառե’լ պատշաճ» խորագիրը կրող քարոզարշավը նպատակ ունի հիմնավորելու այն միտքը, որ հակամանրէային դեղերը արժեքավոր ռեսուրս են և պետք է պատշաճ կերպով օգտագործվեն, այսինքն պետք է կիրառվեն միայն բժշկի կամ անասնաբույժի կողմից նշանակելու դեպքում:
Ամբողջ աշխարհում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր դեղերի թիվը շատ փոքր է: