13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի 3-րդ նիստն էր

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է, որ նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում հանձնաժողովը ոչ մի օր կանգ չի առնում՝ իրականացնելով իր առջեւ դրված խնդիրները: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին տեղեկացրել է օրերս Գերմանիայում բնակվող մի երիտասարդ թուրքի հետ իր նամակագրության մասին եւ ընդգծել, թե ինչու՞ է այդպես մանրամասն կանգ առնում այդ նամակագրության վրա. “Մեհմետ Հաքան Յայլը՝ այդպես էր 30-ամյա այդ երիտասարդի անունը, ով ինձ նամակ էր ուղարկել, մասնավորապես այդ նամակում նշում է. “Իմ մանկությունն անցել է Ստամբուլում…, որտեղ բնակվում են բազմաթիվ հայ ընտանիքներ: Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեի: Սակայն հասունանալով սկսեցի ավելի շատ զգալ, որ մարդիկ, չգիտեմ ինչու, հայերի նկատմամբ անհիմն թշնամանք են տածում: Կյանքիս ամբողջ ընթացքում դրան ընդհանրապես կարեւորություն չեմ տվել, միայն տանջվել եմ: Որովհետեւ իմ ճանաչած ամենալավ ընկերներս հայեր էին: Այժմ ես Գերմանիայում եմ: Ասում են, որ ամենալավ միջոցը ամեն ինչին դրսից նայելն է. իրոք, այդպես է:

Մարդը կարողանում է օբյեկտիվ լինել”: Նա ասում է, որ պատրաստվում է ամառային արձակուրդին Հայաստան այցելել եւ նշում. “Ես ցանկանում եմ այնպիսի մշտական բարեկամություն, որ փոխադարձաբար ներվեն պատմության ընթացքում կատարված սխալները, եւ դա մարդկանց ապագայի վրա ավելի խաղաղ ազդեցություն կունենա”,-թուրք երիտասարդի նամակը ներկաների համար ընթերցել է Նախագահը եւ տեղեկացրել, որ երեկ պատասխանել է այդ նամակին. “Մի փոքրիկ հատված եմ ուզում մեջբերել իմ պատասխանից. “Ինձ հույս ու լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ այսօր աճում է թուրք երիտասարդների սերունդ, որի առաջադեմ հատվածը կաշկանդված չէ թուրքական իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակվող քաղաքականությամբ: Հենց այդ սերունդն է, որ հարցականի տակ է դնում այդ քաղաքականության արժանահավատությունը, եւ ամենագլխավորը պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, ընդունել նախնիների սխալները եւ բաց ու կառուցողական քննարկումների միջոցով հասնել հաշտեցման”:

Իմ պատասխանում ես համաձայնություն եմ հայտնել ներելու կարեւորության մասին նրա դիտարկմանը՝ միաժամանակ նշելով, որ ներելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ ներումը հայցվի, արարքներն ընդունվեն: Այո՛, հայ ժողովուրդը, համոզված եմ, որ նաեւ թուրք ժողովուրդը, ցանկանում են ապրել խաղաղ եւ արժանապատիվ կյանքով: Հավատացած եմ, որ մի օր այդ ցանկությունը կառարկայանա եւ հուսով եմ, որ թուրք երիտասարդների աճող առաջադեմ նոր սերունդն է դառնալու այս գործի ճարտարապետը:

Ինչու եմ այսպես մանրամասն կանգ առնում այս նամակագրության վրա: Համարել ու շարունակում եմ համարել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր ու հնարավոր է հենց այսօր, միգուցե հենց 100-ամյակի շրջանակներում: Այս առումով մենք իհարկե մեծ գործ ունենք անելու: Մենք կարող ենք Թուրքիայի հասարակության, Թուրքիայի իշխանությունների հետ միասին հասնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգրվան, մենք կարող ենք օգնել նրանց գտնելու անցյալի բեռից ազատվելու ճանապարհը ու լինելու իրենց կողքին այդ շատ դժվարին գործընթացում: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր ուղղություն է մեր հանձնաժողովի աշխատանքներում, եւ մենք առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք այդ հանգամանքին: Կարծում եմ, որ որեւէ մեկը ինձ միամիտի տեղ չի դնում: Կարծում եմ, որ որեւէ մեկը չի կարծում, որ ես մեծ հույս ու հավատ ունեմ՝ առավել եւս թուրք իշխանությունների նկատմամբ: Բայց այս ուղղությամբ աշխատանքները ես մշտապես կարեւորել եմ, կարեւորում եմ եւ կարեւորելու եմ”,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամները քննարկել են նախորդ նիստից հետո մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված եւ ընթացիկ կազմակերպական ու բովանդակային աշխատանքները, ինչպես նաեւ հետագա անելիքները: Որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2014թ. մայիսին, Երեւանում՝ այդ ընթացքում աշխատանքային խմբերի շրջանակներում շարունակելով ակտիվ աշխատանքը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ