Տեղի ունեցավ “Հայաստան” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/hayastan_1369916775.jpg)
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի մասնակիցներին եւ ընդգծել, որ ինչպես նախորդ նիստերը, այսօրվա նիստը եւս կկրի խիստ աշխատանքային բնույթ, որոշումները կկայացվեն ոչ միայն հիմնադրամի գործունեության սահուն ընթացքն ապահովելու, այլեւ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի առջեւ ծառացած խնդիրներին արդյունավետ արձագանքելու նպատակադրմամբ:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Նախագահն իր ներածական խոսքում նշել է, որ Հայաստանում վերջին մեկ տարին հագեցած եւ ընտրական էր. խորհրդարանական, նախագահական, այնուհետեւ Երեւանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու հանրայնորեն հրապարակային քննարկելու եւ լուծումների հնարավոր ողջ բազմազանությունը դիտարկելու համար: Նախագահի խոսքով, դեռեւս չկա որեւէ ծանրակշիռ հարց՝ ազգային, հասարակական, սոցիալ-տնտեսական կամ այլ ոլորտի, որի վերաբերյալ առկա դիրքորոշումներն այդ ընթացքում հնչեցված ու քննության առնված չլինեին: Հանրապետության Նախագահը բնական է համարել, որ դրանք մեր հասարակության մեջ ձեւավորել են նաեւ մեծ սպասումներ, որոնք այդ հարցերի պատասխանատուները պարտավոր են արդարացնել: “Կարծում եմ, որ առաջիկա տարիները ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլեւ ողջ հայության համար պետք է լինեն տքնաջան եւ արդյունավետ աշխատանքի տարիներ: Կարծում եմ, որ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը, իսկ ընտրությունների բացակայությունն առաջիկա տարիներին կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու եւ շատ աշխատելու համար:
Անշուշտ, շարունակվում են բազմաթիվ եւ բազմաբնույթ մնալ նաեւ Սփյուռքի խնդիրները, բայց այս օրերին Սիրիայի եւ սիրիահայության վիճակը բոլորիս համար դեռեւս մնում է որպես բաց վերք: Մենք եւ՛ որպես պետություն, եւ՛ որպես հայ ժողովուրդ աջակցում ու աջակցելու ենք սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, անկախ այն բանից՝ նրանք եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում:
Համահայկական ոչ մի կառույց այնքան ամբողջական կերպով չի արտացոլում աշխարհի հայության ձգտումներն ու հնարավորությունները, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որքան “Հայաստան” համահայկական հիմնադրամը: Ուրեմն՝ մենք շատ գործ ունենք անելու եւ այսքանով բոլորիդ հրավիրում եմ աշխատելու”,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի օրակարգը հաստատելուց եւ “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջոցներով 2012թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2012թ. կատարած աշխատանքների մասին: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Նիստում քննարկվել եւ ընդունվել է նաեւ “Հայաստան” համահայկական հիմնադրամի “Մարաթոն-2013”-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: