Գիտելիքը չի կարող օգտակար լինել եւ շոշափելի արժեք ստեղծել առանց մարդկային բարոյական կերպարի
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
«Սիրելի ուսանողներ,
շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Գիտելիք ունեցող մարդը տիրապետում է այնպիսի իրացվող ապրանքի, որն արժեքավոր է ցանկացած ժամանակահատվածում եւ որը պետք է գործածել թե որպես հարստություն, եւ թե որպես զենք` մասնակցելու արժանապատիվ երկիր, արժանապատիվ ապագա կառուցելու գործին: Սակայն գիտելիքը չի կարող օգտակար լինել եւ շոշափելի արժեք ստեղծել առանց մարդկային բարոյական կերպարի, պատասխանատվության եւ հայրենասիրության համադրման: Ուստի ուսանողական տարիները ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլեւ մարդկային որոշակի փոխհարաբերությունների, քաղաքացիական պատասխանատվության եւ բարոյական շատ արժեքների ձեւավորման մի ժամանակահատված են, որոնք կարող են ճակատագրական դեր ունենալ հետագա կյանքի համար:
Այսօր մեր բանակի շարքերը համալրում են նաեւ ուսանող երիտասարդները, ովքեր իրենց հերոսաբար են դրսեւորում որպես հայրենիքի զինվոր: Ուսանողները նաեւ մեր հասարակական եւ քաղաքական անցուդարձի կարեւորագույն դերակատարներից են: Այս ամենը վկայում է, որ ուսանողությունը ոչ միայն ամբողջացնում, այլեւ հաճախ ինքն է ձեւավորում մեր պետական, հասարակական ու քաղաքական կյանքի ներկապնակը, թելադրում օրակարգը:
Սիրելի ուսանողներ,
դուք սովորում եք մի քանի տարի, սակայն կրթությունը շարունակվում է ողջ կյանքում եւ երբեք չի ավարտվում վկայականով կամ դիպլոմով: Կյանքի իսկական իրողություններին դուք առավելապես եւ գործնականում ծանոթանալու եք ուսման ավարտից հետո: Ուսման տարիներին ձեզ սովորեցնում են հասնել այդ իրողություններին, եւ եթե այնուհետեւ ձեր սովորածը մասնագիտության եւ աշխատանքի տեսքով չներդնեք կյանքում, ապա գիտելիքն արագորեն կմոռացվի, իսկ ուսանողական կյանքը կհամարվի անտեղի անցկացրած ժամանակահատված:
Համոզված եմ, որ դուք արժանապատվորեն կիրացնեք ինքնաիրացման, ինքնադրսեւորման ձեր հնարավորությունները եւ կդառնաք բարեկեցիկ ու հզոր Հայաստանի կառուցման իրական համահեղինակներ»: