Իմացեք, որ ձեր կառավարության պատճառով 1500 կոնդեցի դրսում է մնացել
2007 թվականին Երևանի կոնդ թամասը ճանաչվել է գերակա շահ, հանրային տարածք, կառավարությունը բնակիչների հետ կնքել է պայմանագրեր, սակայն շուրջ 1500 քաղաքացի մնացել է փողոցում, իսկ վարձակալության համար նրանց տրված գումարները շատ չնչին են, չեն համապատասխանում գումայական գներին: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Նրանք ասում են, որ տարիներ շարունակ ձեզնից նույն պատասխանն են ստանում: Վերջ ի վերջո ե՞րբ են նրանք ստանալու իրենց այդ բնակարանները»,-հարցրեց պատգամավորը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ 2007 թվականին սկսված ծրագիրը 1-ին փուլում ձախողվել է, և ապա 2012 թվականին կառավարությունը ստիպված է եղել նոր միջոցներ փնտրել, որպեսզի կարողանա քաղաքացիներին բնակարաններով ապահովմամբ խնդիրը լուծվի, սակայն առ այսօր խնդիրը վերջնականապես չի լուծվել: «2017 թվականի հոկտեմբերին 1860 քառ մետր բնակելի տարածք կհանձնվի շահագործման բնակիչներին, լրացուցիչ 70 ընտանիքների գույքը, որը վերցված որ, որպեսզի իրացում կատարվեր, հետ է փոխանցվել բնակիչներին, իսկ 2-րդ շենքը, որ պիտի կառուցվեր, հնարավոր է, որ չկառուցվի, քանի որ բնակիչների մեծ մասը հրաժարվում են և իրենց գումարները ստանում են, 310 միլիոն համապատասխան փոխհատուցում լինելու է, իսկ այս ամիս 100 միլիոն լրացուցիչ գումար կփոխանցվի բանկիչներին»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է նրան, թե գումարը բավարարում է, թե ոչ վարակալման համար, նա ասաց, որ գումարների չափը տարբեր է. «Ձախողված ծրագիրն այս ձևով փրկվում է, և բնակիչները մեկ շենքում կարողանում են ստանալ 1850, թե 1860 բնակտարածքը, մյուսները ստանում են փոխհատուցում՝ գումարի տեսքով»:
Պատգամավորն արձագանքեց, թե նախարարի հայտարարած թվերը՝ 80 հազար, 90 հազար, քաղաքացիները չեն ստանում: Քաղաքացիներին ընդունած պատգամավորը հայտնեց, որ ադյ փոխհատուցումն ընդամենը 50-60 հազար դրամ է կազմում: «Այն, ինչ կառավարության կողմից օտարվել է, այսօր՝ շուրջ 9 տարի, մարդիկ դրսում գտնվելով չեն ստացել իրենց բնակարանները: Խնդիրն առկա է, իմացեք, որ 1500 կոնդեցի այսօր գտնվում է փողոցում ձեր, ձեր կառավարության պատճառով»,-շեշտեց նա:
Նախարար Լոքյանը պատասխանեց, որ 50-60 հազար դրամը նախատեսված է ավելի փոքր տարածքի վարձակալության համար, իսկ 2-րդ շենքը չի կառուցվում, քանի որ քաղաքացիները նախընտրում են իրենց գումարները ստանալ: «Պետությունը փորձում է անել ամեն ինչ, որ լուծում տա այս խնդիրներին»,-եզրափակեց նա: