Ստամբուլում հայկական դպրոցի պատին կրկին ռասիստական գրություն է արվել

Ստամբուլում կրկին ռասիստական գրություն է հայտնվել հայկական դպրոցներից մեկի պատին: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, այս անգամ թիրախ է դարձել Ստամբուլի Բոմոնթի թաղամասում գտնվող Մխիթարյան վարժարանը:
Ռասիստական գրության մասին տեղեկացրել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը: Նա սոցկայքերում տարածել է դպրոցի լուսանկարը, որում երևում է հետյևալ գրությունը. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում»:
Նշենք, որ սա 2016թ. ընթացքում Ստամբուլի հայկական դպրոցների վրա հարձակման առաջին դեպքը չէ: Օգոստոսին Սկյուտարի Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանի պատին, իսկ սեպտեմբերին Սկյուտարի Գալֆայան դպրոցի ճակատամասին ռասիստական գրություններ էին հայտնվել: Անցել են ամիսներ, բայց դեռ հայտնի չէ, թե ով կամ ովքեր են դա արել:
Այս հարցը քննարկվել է անգամ Թուրքիայի մեջլիսում: ԺՀԿ պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն սեպտեմբերին գրավոր հարց էր ուղղել վարչապետ Բինալի Յըլդըրըմին, սակայն սահմանված ժամկետում պատասխան չէր ստացել: